Փոքրիկի հայրը՝ Հովիկ Վարդանյանը, հոկտեմբերի 12-ին զոհվել է Արցախում ԱԹՍ-ի հարվածից։ Այդ օրը ամուսնու զանգին սպասող ու այդպես էլ զանգ չստացած Նարինեի ինքնազգացողությունը վատացավ։ Հիվանդանոց տեղափոխված Նարինեի հղիությունը բժիշկները կարողացան պահպանել, Ադրիանան ծնվեց ժամանակին ու առողջ։
«Հուզված էր մայրը, մենք էլ էինք հուզված», - ասում է մանկաբույժ Աննա Այվազյանը։ - «Ամեն ինչ արել ենք, որ նորածինն ու մայրը զգան մեր աջակցությունը»։
Հոր հետ Նարինեն դստերն արդեն ծանոթացրել է՝ հեռակա կարգով։ Ասում է, դստեր հետ հանդիպման առաջին պահից նրան հոր մասին է պատմում։ Ադրիանան անգամ տուն է գնալու հոր՝ Հովիկի ընտրած հագուստով․ - «Աղջկաս հայրը, հենց արդեն իմացավ, որ աղջիկ բալիկի ենք սպասում, խանութում պատահաբար տեսել էր, շատ էր հավանել, ասել էր՝ պետք ա տանեմ իմ արքայադստեր համար»։
Սպասասրահում Նարինեի ու Հովիկի հարազատներն են, եկել են փոքրիկ Ադրիանային տուն ուղեկցելու։ Փոքրիկ Ադրիանան տանն իր անկյունն արդեն ունի։ Հայրն էլ լուսանկարից ուղիղ աղջկան է նայում։
Հովիկ Վարդանյանը ծառայում էր Հայաստանի Զինված ուժերում՝ հակաօդային պաշտպանությունում, ավագ լեյտենանտ էր։ Կնոջ հետ Շուշի էր տեղափոխվել 9 ամիս առաջ։ Ծառայության բերումով կնոջը հաճախ էր մենակ տանը թողնում, բայց այդ մենակությունը լցնում էր իր հոգատարությամբ, ասում է Նարինեն։ Գեղեցիկ սիրո պատմությունը 5 տարվա կյանք ունեցավ, ամուսնացել էին ընդամենը 2 տարի առաջ։ Սրտի թրթիռով Հովիկը սպասում էր առաջնեկի ծնունդին։
«Ամեն իր հերթափոխից հետո տուն էր գալիս, ու միշտ պիտի գնայինք երեխայի համար իրեր նայեինք։ Թեկուզ դեռ շուտ էր, բայց ամեն ինչը որոշում էինք, որ գույնը պիտի ընտրենք։ Մահճակալն էլ էինք միասին ընտրել»։
Հայրիկի ընտրած մահճակալը գնեցին, բայց այն տեղ գտավ տատիկի տանը։ Շուշիի իրենց բնակարանը Նարինեն լքեց հենց սեպտեմբերի 27-ին՝ առանց որևէ իր հետը վերցնելու։ Ամուսինն էր զանգել ու առաջին անգամ բարձր ձայնով Շուշին լքել հրաժարվող կնոջը հրամայել՝ առանց ժամանակ կորցնելու Երևան տեղափոխվել։ Նարինեն միացնում է ամուսնու ձայնային հաղորդագրությունը․ - «Մեռնեմ ջանիդ, քեզի կյանիքցս շատ եմ սիրում, գիտես, շատ եմ կարոտել, բայց մեզ համբերություն։ Ամեն ինչ լավ ա լինելու վերջում։ Հիմա, փառք Աստծու, սաղ լավ ա։ Խոսք եմ տալիս՝ հլը տենալու ենք իրար, հանգիստ եղի»։
Ավագ լեյտենանտը ամեն օր էր կնոջը հույս ու տուն վերադառնալու խոստում տալիս, բայց, ցավոք սրտի, կնոջը տված միակ խոստումը, որ չկարողացավ պահել հենց դա էր՝ տուն վերադարձը։ Վերջին զանգը հոկտեմբերի 11-ին է եղել, 12-ին արդեն անօդաչու թռչող սարքի հարվածից Հովիկը զոհվեց։
Ամուսնու զոհվելու մասին լուրը Նարինեն օրեր անց է իմացել․ - «Ես չէի հավատում, սպասում էի, որ կզանգի, բայց չեղավ։ Մի 10 օր երևի զանգել եմ իրեն, նամակներ գրել էն հույսով, որ կարողա և պատասխանի»։
Ամուսնու կորստից հետո Նարինեին հոգեբանական ծանր ապրումներից դուրս գալ հոգեբաններն են օգնել։ Դստեր ծնունդն էլ Նարինեին ստիպեց կյանքին այլ աչքերով նայել․ - «Կյանքս նոր իմաստ առավ։ Ու հիմա պատրաստ եմ ապրելու ու իմ աղջկան տալու էն երազած կյանքը, որ միասին որոշել էինք։ Ամեն ինչ կանեմ, որովհետև պարտավոր եմ, ամուսինս աննպատակ չգնաց, ինքը ուներ նպատակներ, դրանք էին իր նպատակները, ու ես դրանք կանեմ»։
Հովիկը փոքր տարիքում կորցրել էր ծնողներին, նրան ու երկու քույրերին տատիկն էր մեծացրել։ Տատիկը 2019-ին է մահացել, իսկ Հովիկի քույրերն այսօր եղբոր դստեր միջոցով են հանգստություն գտնում։
Հովիկի մարտական ընկերներն էլ նրան չեն մոռանում, ընտանիքի կողքին են։
Իսկ Հովիկի հայրենասիրության մասին Նարինեն նույնքան սրտի թրթիռով է խոսում։ Հովիկն ուզում էր ծառայել, ուզում էր հայրենիքին արժանի զինվոր դառնալ, ասում է։ Երկար ծառայել ճակատագիրը թույլ չտվեց․ - «Իմ աղջիկը հերոս աղջիկ ա, որովհետև ինքը տարավ էդ պատերազմի տագնապը, էդ կրակոցների ձայնը, լարվածությունը, էդ ամեն ինչը զգաց, պատվով անցավ ու էսօր լույս աշխարհ ա եկել, որ մարդկությանը ապացուցի, որ մեր հերոսնները կյանքը տալիս են հենց մեր համար։ Ու մենք պիտի ապրենք, բայց չմոռանանք հերոսներին»։