Մատչելիության հղումներ

Արցախի պաշտպանության բանակը ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել


Արցախի պաշտպանության բանակն այսօր ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել, ընդհանուր առմամբ պատերազմի մեկնարկից մինչ օրս պաշտոնապես հայտարարվել է 1970 զինծառայողի անուն։

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով պատերազմում զոհված 3450 անձի մարմին է բերվել դատաբժշկական կենտրոն։ Ստացվում է, որ գրեթե 1500 զոհի անուն դեռ չի հրապարակվել։ Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ օրական 30 մարմնի նույնականացման փորձաքննություն է իրականացվում։

Երեկ մարտական գործողությունների տարածքում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո, «Ազատության» հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) խոսնակ Հունան Թադևոսյանը:

Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 22-ը, Թադևոսյանի հաղորդմամբ, հայտնաբերվել է 1256 աճյուն. «Ամեն անգամ որոնողական աշխատանքներից հետո արդյունքները ամփոփվում են: Հավաքվում են ծնողները զոհված զինծառայողների կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ներկայացնում ենք օրվա կատարածը և միասին որոշում նաև հաջորդ օրվա ուղղությունը և այնտեղ էլ որոշվում է, թե ովքեր կարող են գալ: Այստեղ ավելի շատ մեծ գործոն, ներուժ ունեն նաև ուղեկցողները, ովքեր տարածքին ծանոթ զինծառայողներ են կամ կամավորականներ, ովքեր այդ տարածքին ծանոթ են, օրինակ, որսորդներ կամ տեղացիներ»:

Որոնողական աշխատանքներն այսօր ևս շարունակվում են մի քանի ուղղություններով. «Որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են երեք ուղղություններում. Առաջինը Քաշաթաղի շրջանն էր, որը նախատեսված էր երեկ, բայց մեր կողմի խնդիրներից ելնելով, այսինքն ուղեկցողների պատճառով չիրականացվեց և ուղղությունը երեկ տեղափոխվեց Մատաղիս, Թալիշ հատվածներ: Իսկ որ կասեցվել էր, դա կապված է հիմնականում ձյան հետ, ճանապարհը փակ էր և ուղեկցողները պետք է Սյունիքի մարզից ներկայանային, այսօր է իրականացվելու:Այսօր իրականացվում է Քաշաթաղի շրջանում, Վարանդայի՝ Ֆիզուլիի հատվածում, այսօր ևս աշխատանքներում ընդգրկվել են Մատաղիս, Թալիշ հատվածները»։

Անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատի՝ Արսեն Ղուկասյանի փոխանցմամբ՝ օրերս հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն որևէ արդյունք չի եղել։ «Ազատության» հետ զրույցում ասաց՝ անհապաղ լուծում պահանջող գերիների հարցով ակնկալում էին, որ փոփոխություններ կլինեն, բայց այդտեղ էլ առաջընթաց չկա։ Ավելի քան երեք ամիս իրենց որդիներից լուր չունեցող ծնողները, հարազատներն ամեն օր մի գերատեսչությունից մյուսն են գնում՝ որևէ տեղեկություն ստանալու, բայց՝ ապարդյուն։

Երեկ էլ ծնողներից ոմանք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ էին այցելել՝ կառույցին փոխանցելով որդիների լուսանկարները, անհրաժեշտ այլ տվյալներ։ Ծնողներից շատերը վստահ են՝ իրենց տղաները գերության մեջ են, բայց պետական կառույցները այս տեղեկությունը չեն հաստատում, այլ մանրամասներ էլ չեն փոխանցում։

«Մենք աշխատում ենք և՛ այստեղ, և՛ Բաքվում, և՛ Լեռնային Ղարաբաղում, դա թույլ է տալիս մեզ տվյալներ ճշտել անմիջապես համապատասխան իշխանությունների հետ: Այս առումով, իհարկե, ընդունելով որոշակի նյութեր, տվյալներ և այլն, մենք կարողանում ենք այս տվյալներն այնուհետև ճշտել և այն դեպքում, երբ որ ստանում ենք համապատասխան հաստատում, շարունակել դիմել իշխանություններին՝ այս անձանց տեսակցելու նպատակով, որոնց մասին մենք ստանում ենք հաստատում», - ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG