Սեպտեմբերի 27-ը, շատերի պես, փոխեց նաև Սարմեն Հայրապետյանի ծրագրերը։ Պատերազմի լուրն առնելուն պես եղբոր հետ առաջնագիծ շտապեցին։
«Սկզբից դեմ կանգնեցի, ասաց՝ որ դու դեմ ես կանգնում, իմ չորս երեխաներին ո՞վ պետք է պաշտպանի, եթե ես չգնամ», - պատմեց Հայրապետյանի կինը՝ Նվարդ Մուրադյանը:
Ծնունդով սիսիանցի երկու եղբայրները կամավորագրվեցին ու 60 հոգուց կազմված ջոկատով առաջնագիծ գնացին։ Սեպտեմբերի 29-ին արդեն Հադրութում էին՝ հակառակորդից ընդամենը 500մ հեռավորության վրա։
«Կապ տվին, որ հելեք, սաղով հելել ենք, էդ 27 հոգով, սաղս սկսել ենք կրակել, 5-6 պոստերի վրա դիվերսիա էր», - ներկայացրեց Սարմեն Հայրապետյանը:
Կանխված դիվերսիան առաջին լուրջ փորձությունն էր, իսկ նոր սկսված պատերազմի լրջության մասին կամավորները արդեն հասկացել էին կիրառվող զինատեսակների ու անօդաչու սարքերի քանակից։ Անձրևի նման թափվող արկերը միայն զգոնությունն էին մեծացրել։ Ասում է՝ թիկունքում՝ տանը սպասող անչափահաս 4 երեխաների, հարազատների ու ծնողների անվտանգությունն ապահովելու գիտակցումն էր ուժ տալիս. «Հեռախոսս հանում էի, որ տուն զանգեի, ասեի, որ նորմալ է վիճակը, հենց հանում էի խփում էին»:
Պայթյունի հետևանքով Սարմենը կորցրեց երկու ոտքերը՝ եղբայրն էլ, որ հանգստի սենյակում էր, պայթած արկի բեկորներից, 4 զինծառայակիցների հետ ևս բեկորային լուրջ վնասվածքներ ստացավ։ Եղբայրն էլ դեռ լիարժեք քայլել չի կարողանում։
«Որ ընկա կողքի վրա էի պառկած, գլուխս բարձրացրի, տեսա մի ոտքս չկա, ձախն էլ շորս էր պահում ու կտրված էր ամբողջությամբ: Դեմիս մարդը, որ կանգնած էր, էդ տղան չկար ընդհանրապես», - պատմեց Հայրապետյանը:
Ոտքի ցավեր Սարմենը հիմա էլ ունի։ Արդեն 4 վիրահատություն է տարել՝ մեկը Ստեփանակերտում, 3-ը՝ Երևանում։ Ուսումնամարզական պրոթեզները, որ տրամադրվել է պետության կողմից, դեռ կրել չի կարողանում, ասում է՝ ցավերը դեռ ուժեղ են. «Ես հագնում եմ, կանգնելուց, որ ձգում է, սեղմում է, ցավերն էլ, որ դեռ չեն անցել, չի լինում, հարմար չի, որ ես կարողանամ քայլել»:
Կարմիր Խաչում արդեն 3 օր է բուժում է ստանում։ Տեղաշարժվելու հարցում 17-ամյա տղան է օգնում, իսկ երբ տանը չէ, կինն է օգնում սայլակը նստել, ասում է՝ արդեն սովորել է։ Սարմենի հույսը մեծ է, որ բուժումներից հետո գոնե պրոթեզներին կհարմարվի, ընտանիքի ու անչափահաս երեխաների ապրուստը հոգալու համար կկարողանա նախկինի պես աշխատել, կարիքները հոգալ։ Սարմենը մինչև պատերազմը որպես շինարար էր աշխատում, բայց երկու ոտքերը կորցնելուց հետո հույսը պետության աջակցությունն ու բարերարներն են։
«Դե հիմնականում ֆինանսն է, որ չեմ կարողանում աշխատել, երեխաներին պահում եմ, իրան օգնում եմ, տան վարձ է, կոմունալ է, երեխայի ծախսեր են», - ասաց Նվարդ Մուրադյանը:
Բուժման հաստատությանը՝ Կարմիր խաչի կենտրոնին մոտ լինելու համար Սարմենի ընտանիքը անորոշ ժամանակով Կոտայքի մարզի Քասախ գյուղում երկհարկանի առանձնատան առաջին՝ կիսանկուղային հարկն է վարձակալել։ Տան առաջին ամսվա վարձը՝ 80 հազար դրամը, տվել են, հաջորդ ամիսների ծախսերը դեռ չգիտեն ինչպես են հոգալու։ Պետությունից աջակցություն ստանալու ժամկետների մասին էլ դեռ որևէ հստակություն չկա։
«Նախարարությունից զանգել են, ասացին, որ հլը անհետ կորած և զոհվածների հարցերով ենք զբաղված, կհասնի ձեր հերթը, վիրավորներին նոր կայցելենք», - նշեց Սարմեն Հայրապետյանը:
Ամուսինները հիմա էլ չեն դժգոհում են, փորձում են համատեղ կյանքի այս դժվարությունն էլ միասին հաղթահարել։ Մարտի դաշտում ընկերներին կորցրած Սարմենը հավատում է Աստծուն, ասում է, որ կյանքը փրկեց, հիմա էլ մենակ չի թողնի։