Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVAX նախաձեռնության շրջանակներում փետրվարին կսկսի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տրամադրել աղքատ և միջինից ցածր զարգացած երկրներին և այդ նպատակով կպատվիրի Pfizer-BioNTech ընկերությունների համատեղ ստեղծած վակցինայի 40 միլիոն դեղաչափ:
Բացի այդ, ԱՀԿ-ն COVAX ծրագրի միջոցով կպատվիրի նաև AstraZeneca ընկերության ստեղծած վակցինայի 150 միլիոն դեղաչափ: Այդ մասին հայտնել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Նրա փոխանցմամբ, աղքատ և միջինից ցածր զարգացած երկրներին վակցինայի տրամադրումը կմեկնարկի այս տարվա առաջին եռամսյակում:
Գեբրեյեսուսն ասել է, թե 2021 թվականին՝ պատշաճ ֆինանսավորման դեպքում, COVAX նախաձեռնությամբ հնարավոր կլինի ձեռք բերել 2 միլիարդ 300 միլիոն դեղաչափ, ինչը թույլ կտա 1 միլիարդ 800 միլիոն դեղաչափ տրամադրել ցածր եկամուտով 92 երկրներին: