Մատչելիության հղումներ

Հավանաբար մինչև հունվարի վերջ ՌԴ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն, հայտնում են ավիաընկերությունից


Հավանաբար մինչև հունվարի վերջ Ռուսաստանի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն, և Հայաստանի քաղաքացիները քովիդ բացասական թեսթ ունենալու դեպքում անարգել մուտք կգործեն Ռուսաստան, այսօր «Ազատությանն» այս մասին ասացին «Արմենիա» ավիաընկերությունից՝ հղում անելով իրենց հասանելի տեղեկությանը։

«Մեր ոլորտի շրջանակում եղած ինֆորմացիայի համաձայն` դրանք օդանավակայաններն են, դրանք վարչություններն են երկրների, այսինքն` այդ ինֆորմացիաները, որոնք անընդհատ քննարկվում են, այդ ինֆորմացիաների համաձայն` մոտակա օրերի հարց է արդեն, մնացել են զուտ տեխնիկական մի քանի շտկումներ, խոսակցությունն այնպես է, որ հավանաբար երկու, երեք օր, չորս օր, հինգ օր, այսինքն` էս կարգի ինֆորմացիայի մասին է խոսքը, առավելագույնը տասը օրվա ընթացքում: Այս ինֆորմացիան է, ուղղակի դա պաշտոնական չի, չի հայտարարվել, ճիշտ է` փոխվարչապետի մակարդակով նշվել է, որ վերաբացվելու է: Սպասում ենք, որ առավելագույնը մինչև հունվարի 30-ը արդեն օդային հաղորդակցությունը, կանոնավոր չվերթները կբացեն։ Մինչև հիմա ուղղակի բաց էր միայն Հայաստանը, այսինքն` կանոնավոր չվերթների համար բաց է, բայց Ռուսաստանը փակ էր», - նշեց ավիաընկերության փոխտնօրենը։

Հայաստանի և Ռուսաստանի ելքի և մուտքի փոխադարձ արգելքների վերացման մասին երկու օր առաջ խոսել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նշել, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած այդ խնդիրը փորձել են ԵԱՏՄ շրջանակում լուծել, սակայն չի հաջողվել, որից հետո ռուսական կողմի հետ նախաձեռնել են հարցի մեկ այլ լուծում, որը Գրիգորյանի փոխանցմամբ՝ հնարավորություն է տալիս երկկողմ ազատ սահմանի սկզբունքը կիրառել այն քաղաքացիների համար, ովքեր ունեն քովիդի բացասական թեստ. «Կառավարության որոշումը այդ կարգը հաստատող դեկտեմբերի 27-ին, եթե չեմ սխալվում, արդեն ընդունել ենք, հաստատել ենք, հիմա սպասում ենք հայելանման կառավարության որոշման Ռուսաստանի Դաշնության, որը կարծում եմ` մոտ օրերս ուժի մեջ կմտնի, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել»:

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանի խոսքով՝ այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարում, ընկերություն գալիս՝ տեղեկանալու, թե երբ են կանոնավոր չվերթները վերականգնվելու։ Խաչատրյանի կարծիքով՝ սահմանները բացվելուն պես դեպի Ռուսաստան չվերթների պահանջարկը մեծ է լինելու. «Դա ակնհայտ է ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ թողել են աշխատանք, թողել է որոշ մասը նաև ընտանիք, կան այստեղ Հայաստանի քաղաքացիներ, ում Հայաստանի քաղաքացի ընտանիքը գտնվում է Ռուսաստանում, նաև վերջին իրադարձությունները ստիպում են, այսինքն` ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ վերջին իրադարձությունները, որոնք տեղի ունեցան, նույն կորոնավիրուսը, պատերազմը, մարդկանց տրամադրություններն ավելի դեպի ճանապարհորդելու, մեկնելու, լիցքաթափվելու շատ են: Մեր նախնական գնահատականներով մենք պլանավորում ենք արդեն երեք անգամից շաբաթական վերածել ամենօրյա չվերթների, գրեթե եռակի շատացնելու ենք»:

Անցած տարի, երբ կորոնավիրուսի պատճառով փակվեցին սահմանները, բազմաթիվ մարդիկ չկարողացան Ռուսաստան մեկնել։ Ամռանը նույնիսկ բողոքի ակցիաներ եղան, հատկապես ակտիվ էին Ռուսաստանում աշխատանքը թողած քաղաքացիները, ովքեր դժվար կացության մեջ էին հայտնվել այստեղ աշխատանք չունենալու պատճառով։

Շիրակի մարզի Գետք գյուղի տղամարդկանց մոտ կեսը ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում։ Նրանցից մեկն էլ Արտյոմ Հարությունյանն է, ով 15 տարի շարունակ մեկնել է Ռուսաստան։ Նախքան կորոնավիրուսի տարածումը վերադարձել էր, ու արդեն գրեթե մեկ տարի է, ինչ փակ սահմանների պատճառով՝ անորոշ վիճակով մնացել է գյուղում. այստեղ աշխատանք գտնելու խնդիր կա։ Այժմ սպասում է սահմանների բացվելուն, որ կրկին մեկնի արտագնա աշխատանքի. «Երկու հատ անասուն ունենք, ստիպված պիտի ծախենք, որ դուրս գնանք, որ ճամփի փող անենք։ Մեկ է, եթե դուրս չգնացինք, էդ անասունները պիտի ծախենք, որ ապրենք։ Ավելի լավ է` ծախենք, գնանք, գոնե գիտենք, որ դրսից մի քանի մանեթ փող կբերենք, յոլա կգնանք։ Հիմա ես չգիտեմ՝ եթե էս տարի էլ ճամփեքը չբացվեցին, ոչ կարող ենք տուն պահել, ոչ գյուղապետարանի հարկուտուրքը տալ, թե մեր վերջը ինչ պիտի եղնի, ես չգիտեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG