Մատչելիության հղումներ

ԼՂ կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության համար, ասում է ԱՄՆ դեսպանը


Միացյալ Նահանգները վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը, նշում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

«Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Չնայած մարտերի դադարին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քաղաքական լուծումը կարևոր է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման համար», - ասված է դեսպանի հայտարարության մեջ։

Նա շեշտում է, որ սկսելով պատմության այս նոր էջը՝ Միացյալ Նահանգները վերահաստատում է Հայաստանի ժողովրդի, կառավարության, քաղաքացիական հասարակության, մամուլի և մասնավոր հատվածի հետ գործակցելու իր հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդի ձգտումներին, որոնք միտված են շոշափելի բարեփոխումների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ու ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելուն։

«Մենք գիտակցում ենք, որ առաջին հերթին պետք է կատարել այն անհետաձգելի աշխատանքը, որը թույլ կտա առաջ շարժվել Լեռնային Ղարաբաղի կործանարար հակամարտությունից հետո։ Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել է Հայաստանի առաջնային կարիքներին՝ տրամադրելով հագուստ, սնունդ, երեխաների համար անվտանգ տարածքներ, տեղահանվածների համար ապաստարան։

Այս տարվա մասին խորհելիս՝ լիովին գիտակցում եմ մեր առաջ ծառացած բազմաթիվ մարտահրավերները, սակայն գիտեմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել դրանք։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիների ընթացքում։ Ինչպես իր խոսքում նշեց նախագահ Բայդենը․ «Մենք երբևէ չենք ձախողել, երբ հանդես ենք եկել միասնաբար»։ Այս միասնականության մասին շեշտադրումը սահմաններ չի ճանաչում․ մեր հայ ընկերների և գործընկերների հետ մենք հաղթահարելու ենք մեր առջև ծառացած մարտահրավերները, պաշտպանելու ենք մեր ընդհանուր արժեքները, նպաստելու ենք ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը՝ ճանապարհ հարթելով դեպի պայծառ ապագա բոլորիս համար», - հայտարարում է Լին Թրեյսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG