Մատչելիության հղումներ

Ատոմային ոլորտի զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է, ասում է Պապիկյանը


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել են Հայկական ատոմակայան (ԱԷԿ)՝ կայանի արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով:

Նախարարության հաղորդմամբ` Հայկական ԱԷԿ-ը պատրաստվել է արդիականացման ավարտական փուլին։ Կայանում կատարվել է նաև ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման համակարգի տեղադրման աշխատանք, որն անցել է բոլոր համապատասխան ստուգումներն ու լիովին պատրաստ է շահագործման: Բուն թրծաթողման գործընթացը կիրականացվի այս տարի, ինչը թույլ կտա կայանին աշխատանքը շարունակել նաև 2026 թվականից հետո:

Նախարարն ընդգծել է, որ տարեսզկբին կառավարությունը հաստատել է մինչև 2040 թվականը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը: «Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն է 2026 թվականից հետո. կառավարությունը մտադիր է կայանի շահագործումը երկարաձգել առնվազն մինչև 2036 թվականը: Միևնույն ժամանակ զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է», - ասել է նախարարը:

«Հայկական ԱԷԿ-ը պետք է մնա ցածր գներով էներգիայի արտադրության կայուն աղբյուր և նպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը», - շեշտել է ՌԴ դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG