Մատչելիության հղումներ

Պատերազմում վիրավորվածներին կառավարությունը խոստանում է ապահովել ֆունկցիոնալ պրոթեզներով` առանց գնային սահմանափակման


Կառավարության նիստը այսօր` հունվարի 21-ին, 2021թ.
Կառավարության նիստը այսօր` հունվարի 21-ին, 2021թ.

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին կառավարությունը խոստանում է ապահովել ֆունկցիոնալ պրոթեզներով, կազմակերպել մասնագիտական վերապատրաստում և աջակցել կրթություն ստանալու հարցում։

Աշխատանի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, թե պրոթեզները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, դրանց ձեռք բերման հարցում գնային սահմանափակում չի լինի, և անհրաժեշտության դեպքում նաև արտերկրից մասնագետներ կհրավիրվեն։ Նախարարի խոսքով՝ պրոթեզները տրամադրելիս հաշվի են առնվելու շահառուի անհատական կարիքները. «Կարևորում ենք նաև միջավայրային խնդիրների կարգավորումը, այսինքն` պրոթեզավորման կարիքը ունեցող անձն ինչ միջավայրում է բնակվում և օրինակ` ինչ մասնագիտություն ունի, օրինակ` մեքենա վարում է, թե չէ, նաև միջավայրի կարիքի գնահատումը, կացարանի, աշխատավայրի, որպեսզի պրոթեզի ֆունկցիոնալությունը գնահատվի անհատական կարիքի հիման վրա»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նաև ասաց, որ պրոթեզների տեղադրմամբ զբաղվող հայաստանյան պրոթեզարանները պետք է նոր ու ավելի բարձր չափանիշներով աշխատեն՝ ապահովելով մասնագետների ներգրավում, պրոթեզից օգտվելու ուսուցման կազմակերպում ու պրոթեզների հետագա սպասարկման իրականացում։ Այդպիսի կենտրոնների ղեկավարներն այս օրերին նշել էին, որ պատրաստ են այս չափանիշներով աշխատել, եթե միայն պետությունն իրենց ֆինանսավորի։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ այսօր Հայաստանում այդ նորագույն պրոթեզների սպասարկման խնդիրներ կան. «Սպասարկման խնդիրները նույնպես լուծելու ենք, որովհետև նման մակարդակի պրոթեզավորումը ենթադրում է նաև որոշակի սպասարկում ժամանակ առ ժամանակ, և ես կարծում եմ, որ այդ խնդիրները նույնպես ծրագրի մեջ մեր ներառված են լինելու»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց` կառավարության նպատակն է պատերազմի հետևանքով անդամահատված զինծառայողների պրոթեզավորման գործընթացը արագ ու իրենց հարմար պայմաններով կազմակերպել, նաև աջակցել կրության և աշխատանքի հարցում. «Որպեսզի մեր քաղաքականությունն ինչպես սոցիալական ապահովության այլ ոլորտներում լինի ոչ թե համակերպվելու, այլ հաղթահարելու քաղաքականություն»:

Հատկապես տեղաշարժման դժվարություններ ունեցող զինվորականներն ըստ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի` որպես աշխատանքի ու կրթության նոր ուղղություն կարող են նաև IT ոլորտը դիտարկել։ Արշակյանի խոսքով` նախարարությունն ու մի շարք ընկերություններ կաջակցեն նրանց. «Մասնավոր ընկերություններ կան, որոնք արդեն իսկ հայտարարել են այդպիսի ծրագրերի մասին և պատրաստակամության, վերամասնագիտանալու համար հավելյալ կրթական ծրագրեր են իրականացնում անվճար, մեր նախարարությունը նույնպես ունի այդպիսի վերամասնագիտացման ծրագրեր»:

Կառավարության այսօրվա նիստում պաշտոնյաները, սակայն, չքննարկեցին պրոթեզների տեսակները, որակն ու գները։ Ավելի վաղ Սոցապնախարարությունից հայտնել էին, որ պատերազմի հետևանքով պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին պետությունն առայժմ 2,5 միլիոն դրամ փոխհատուցում է տրամադրում՝ շուրջ 5 հազար դոլար։ Մասնագետներն այս գումարը բավարար չէին համարել որակյալ ու ժամանակակից պրոթեզ ձեռք բերելու համար։

Ղարաբաղյան առաջին պատերազմում ձախ ոտքից զրկված Արտյոմ Պողոսյանը հետևել է կառավարության այսօրվա նիստին, ասում է՝ հրաշալի կլիներ, եթե բոլոր խոստումներն իրագործվեին, բայց անձամբ ինքը մեծ վստահություն չունի։ 26 տարվա ընթացքում շուրջ 9 անգամ պրոթեզավորվել է Երևանում, 1 անգամ Հնդկաստանում։ Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորականը սեփական փորձով է համոզվել, որ այս ոլորտում խորքային շատ խնդիրներ կան, վստահ չէ, որ դրանք արագ կլուծվեն։ Մտահոգված է նաև, թե ինչու է կառավարությունը տարբերություն դնում 90-ականներին պատերազմում ձեռք ու ոտք կորցրածների ու այս պատերազմում նույն վնասվածքը ստացածների միջև։

Հայաստանում գործող պրոթեզարաններից պարզեցինք՝ ֆունկցիոնալ պրոթեզներ հնարավոր է ձեռք բերել նվազագույնը 8-15 հազար դոլարով։ Զրուցակիցս տարակուսում է՝ արդյոք պետությունը կարող է ըստ կարիքի հոգալ բոլոր ծախսերը. «Խնդիրը ֆինանսավորման չափի մեջ է: Եթե ես վերջին վիպուսկի թաթ եմ կրում, մենակ այդ թաթն ավելի թանկ է, քան պետբյուջեով նախատեսված այդ պրոթեզի ամբողջ գումարը, այդ պրոթեզը մի տարվա ընթացքում կարա երկու անգամ փչանա, երեք անգամ փչանա, պետք է դիմես պրոթեզարան, պրոթեզարանը պետք է կառավարությանը ներկայացնի ինչ-որ ռեմոնտի իքս գումար: Պրոթեզարանը կարա կամայական իքս գումար ներկայացնի, նախկինում շատ ուրիշ վատ ձևերով է աշխատել, պրինցիպը, ատկատների մեխանիզմներ են եղել և այլն: Հիմա փառք Աստծո, թող այդ բաները որ չլինեն, այդ գումարները կխնայվեն ու կծառայեն հաշմանդամներին, ու իմ նման ասենք 3 հազար զինհաշմանդամ կա, որ նախկին պրոթեզավորվածներ, կմտածեն չէ՞ ախր` 20 թվականի վիրավորը 94 թվականի վիրավորից ինչո՞վ է տարբերվում»:

Նախորդ տարվա հունվարից մինչև այսօր պետական հավաստագրի հիման վրա Հայաստանի և Արցախի քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ։ Սրանք պաշտոնական վերջին տվյալներն են, իսկ թե պատերազմի հետևանքով քանի զինծառայող ունի պրոթեզավորման կարիք, նախարարն այսօր էլ թվեր չնշեց։

XS
SM
MD
LG