2018 թվականին Ֆրանսիայում լույս տեսավ գրող, լրագրող Վալերի Մանտոյի «Ակոս» խորագրով վեպը, որը հաջորդ իսկ տարի արժանացավ ֆրանսիական գրական հեղինակավոր «Ռենոդոտ» մրցանակին և ահա վեպը թարգմանվել է հայերեն Newmag հրատարակչության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան համագործակցության շնորհիվ:
Գիրքը ֆրանսերենից թարգմանել է Սամվել Գասպարյանը: «Ազատության» հետ զրույցում թարգմանիչը շեշտեց, որ սա չափազանց ուշագրավ գիրք է, որը ներկայացնում է ոչ միայն Հրանտ Դինքի կերպարն ու գործունեությունը, այլև ողջ ժամանակակից թուրքական հասարակությունը: Բացի այս, գիրքն ուշագրավ է նաև մեկ այլ տեսակետից:
«Ես կարծում եմ, որ նոր խոսք է մեր գրական բնագավառում, մեր հրատարակչական գործում։ Ինչո՞ւ։ Նախ, ժանրի առումով շատ հետաքրքիր է գրված։ Հերոսը իհարկե Հրանտ Դինքն է, բայց շատ հետաքրքիր բաներ կան Ստամբուլի մասին, Ստամբուլը շատ լավ է ներկայացված։ Եթե չես եղել Ստամբուլում, կարող ես այս գրքով հասկանալ, թե դա ինչ քաղաք է։ Մարդկային հարաբերությունների մասին․ շատ հետաքրքիր բաներ կան թուրքերի և ազգային փոքրամասնությունների, հատկապես քրդերի հետ կապված։ Անշուշտ նաև հայեր – թուրքեր հարաբերությունները, որովհետև եթե Հրանտ Դինքի մասին գրում ես, արդեն պիտի գնաս պատմություն, պիտի գնաս ցեղասպանություն։ Այդ շերտերը ինքը շատ լավ ներկայացրել է», - փոխանցեց Գասպարյանը։
Թարգմանիչը համոզված է, որ գիրքը հայ ընթերցողը կկարդա մեծ հետաքրքրությամբ: Նրա համոզմամբ, ժամանակակից հայ գրականությունն այսօրինակ գիրք չունի։ «Ակոս» վեպն առայժմ միայն հայերեն է թարգմանվել։
«Շատ հետաքրքիր գրելաոճ ունի։ Երկխոսությունները ուղղակի․․․ նոր երկխոսությունների ձևեր են։ Նոր բան մեր ընթերցողը շատ կգտնի էդտեղ։ Չափազանց հարուստ բառապաշար ունի՝ գերժամանակակից։ Եվ այդ իմաստով դժվար էր թարգմանել։ Մտադրություն կա, որ նաև կլինի թուրքերեն թարգմանությունը», - նշեց Սամվել Գասպարյանը:
Այս օրերին «Ակոս» վեպի հեղինակը՝ Վալերի Մանտոն Հայաստանում է և մասնակցում է իր գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսներին, քննարկումներին: Ուշագրավ է, որ Վալերի Մանտոն 2008-2013 թվականներին աշխատակցել է «Շառլի Էբդո» հանրահայտ ամսագրին, որի աշխատակիցների, իր գործընկերներից շատերի մահը 2015 թվականին ամսագրի վրա ահաբեկչական հարձակումից հետո չափազանց ծանր ազդեցույթյուն է ունեցել նրա վրա։ Եվ հենց այդ ժամանակ էլ որոշել է ընդունել իր ընկերուհու կողմից Թուրքիա այցելելու հրավերը, և այդ ուղեորության ընթացքում էլ տեղեկացել է նաև Հրանտ Դինքի ողբերգական պատմությանը:
Գասպարյանի խոսքով, վեպում կան Հրանտ Դինքի կերպարի նոր բացահայտումներ․ - «Մենք էնպիսի բաներ ենք իմանում, որ չգիտեինք։ Շատ հետաքրքիր բաներ կան Հրանտ Դինքի կենսագրականի հետ կապված։ Շատ հետաքրքիր ձևով է ինքը ներկայացնում Հրանտ Դինքին։ Ինքը անընդհատ Հրանտ Դինքի մասին չի խոսում, բայց էն հիմնական բաները՝ սպանությունը, ոնց է եղել, ինչ է եղել․․․ Էդտեղ էլ շատ հետաքրքիր մանրամասներ կան, որ մենք նոր ենք իմանում։ Վերջում շատ հարուստ գրական ցանկ կա, օգտված գրականության։ Վիթխարի աշխատանք է արել։ Եվ այս իմաստով էլ լավ կլինի, որ մեր գրողները իմանան, թե երբ որ գիրք են գրում, ոնց պիտի գրեն։ Նա կարդացել է բոլոր հոդվածները, ամեն ինչ, որ գրվել է Հրանտ Դինքի մասին։ Բավականին գրականություն է կարդացել Հայոց ցեղասպանության մասին, հայեր – թուրքեր հարաբերությունների մասին․․․ Շատ է ափսոսում, որ չի ճանաչել Հրանտ Դինքին»։