Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ը հայտնում է, որ 2020-ին ռեկորդային ծավալի ներդրումներ է իրականացրել Հայաստանում


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարում է, որ 2020-ին Հայաստանում արձագանքելով Covid-19 համաճարակին` կատարել է 167 միլիոն եվրո գումարի չափով ռեկորդային ներդրումներ։

Ըստ բանկի հաղորդագրության, ներդրումները կատարվել են էներգետիկայի, բանկային և տրանսպորտային ծրագրերի իրականացման համար, ինչպես նաև առևտրի ֆինանսավորման աջակցության միջոցով։

ՎԶԵԲ-ն ընդգծում է՝ օգնել է հոգալ երկրի տնտեսության անմիջական և երկարաժամկետ կարիքները:

«Վերականգնմանն օժանդակելը մեր առաջնահերթ նպատակն է 2021 թվականին։ Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանում Եվրամիության (ԵՄ) հետ և շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ի մեր գործընկերներին այս կարևոր ռազմավարական համագործակցության համար ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ծրագրերի համատեքստում», - ասել է ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

Ըստ հաղորդագրության, մասնավոր հատվածին ուղղված աջակցությունը 2020 թվականին կազմել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ընդհանուր ներդրումների ավելի քան 90 տոկոսը:

«Նորարարական ծրագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է Հայաստանում և Կովկասում արդյունաբերական մասշտաբի 55 Մվտ հզորությամբ առաջին արևային էլեկտրակայանը։ Ծրագիրը կօգնի մեծացնել Հայաստանում մաքուր էներգիայի պաշարը և նվազեցնել երկրի կախվածությունը ներմուծվող վառելիքներից:

Օժանդակելով առևտրի կենսական հոսքերի պահպանմանը՝ ՎԶԵԲ-ը Հայաստանում նոր ռեկորդային աջակցություն է ցուցաբերել առևտրի ֆինանսավորման գործարքներին՝ շուրջ 70 միլիոն եվրո գումարի չափով Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում, որում ներգրավված են ութ տեղական գործընկեր բանկեր։ ՎԶԵԲ-ը էլ ավելի է ընդլայնել իր աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներին)՝ վարկեր տրամադրելով առևտրային բանկերին բիզնեսի հետագա վարկավորման համար: Սա ներառում է «Կանայք բիզնեսում» վարկային գծերը:

Ենթակառուցվածքների ոլորտում Բանկը ֆինանսավորում է Մեղրի քաղաքի մերձակայքում գտնվող սահմանային անցակետի վերակառուցումն ու արդիականացումը, որպեսզի այն համապատասխանի անվտանգության և ապահովության ժամանակակից պահանջներին: Ծրագիրը զգալի դրամաշնորհային աջակցություն է ստացել Եվրամիությունից։ ՎԶԵԲ-ը աջակցություն է ցուցաբերել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որը շարունակում է իրականացնել իր էլեկտրական բաշխիչ ցանցի արդիականացումը», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG