«Իհարկե շատ ցավալի կորուստ է հայ ժամանակակից թատրոնի համար, որովհետև մենք կորցրինք դերասանական արվեստի, հատկապես մանկական ներկայացումների ռեժիսուրայի, ինչպես նաև մանկական դրամատուրգիայի երևելի ներկայացուցչի։ Կորցրեցինք բավական հետաքրքիր տեսակի մի անձնավորության, կորստի ազդեցությունը բավական երկար ժամանակ մենք կզգանք։ Շատ տաղանդավոր դերասան։ Դաժան ժամանակը անհասկանալի, անհեթեթ ձևով մեզնից տանում է մեր լավագույն ընկերներին, մեր լավագույն թատերական գործիչներին», - «Ազատությանն» ասաց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։
Վիգեն Ստեփանյանը նկարահանվել է 5 տասնյակից ավելի ֆիլմերում, թատրոնում հանդես եկել ավելի քան 100 դերակատարմամբ:
Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը նրա հետ բազմափիվ ծրագրեր է իրականացրել․ - «Ես չգիտեմ, առանց Վիգեն Ստեփանյանի շատ դժվար է․․․ Ես չեմ կարող խոսել․․․ Վառ տեսակ էր, վառ անհատականություն էր։ Շատ մեծ ափսոսանք եմ զգում հիմա»։
Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի խոսքով էլ, ամենահուսահատական պահերին անգամ Վիգեն Ստեփանյանն անուղղելի լավատես էր և պատրաստ հաղթահարելու բոլոր դժվարությունները, ոչինչ չէր կարող ընկճել նրան․ - «Արտակարգ պրոֆեսիոնալ։ Բացի դերասան լինելուց, նա նաև արարող էր, ստեղծող էր․․․ Երևի ոչ բոլորը գիտեն, որ «Մետրո» թատրոնի բացումը դա Վիգեն Ստեփանյանի շնորհքն էր։ Ընդ որում, նա բացեց թատրոնը և գեղարվեստական ղեկավարությունը հանձնեց Նիկոլայ Ծատուրյանին, և այդ ժամանակ դա ամենահետաքրքիր թատրոններից մեկն էր։ Փայլուն շատ տարբեր դերեր և՛ թատրոնում, և՛ կինոյում։ Նա էնպիսի դերասան էր, որը կարողանում էր ուզած տարիքի առավելությունները, համ ու հոտը փոխանցել։ Նա չեր ծերանում, նա ժամանակի հետ շարժվում էր։ Մենք կորցրեցինք փայլուն մի դերասան, պրոֆեսիոնալ դերասան, որը շատ բան ուներ տալու և՛ բեմում, և՛ կինոյում, և՛ նաև երիտասարդներին։ Վիգենը դեռ շատ բան կարող էր անել։ Որպես անձնավորություն իր հետ միշտ հետաքրքիր էր շփվել, արտակարգ հումորով անձնավորություն էր։ Կյանքը Վիգենի մեջ միշտ կար։ Կյանքն ու մահը կարծես թե անհամատեղելի հասկացություններ են Վիգենի համար։ Ես դժվար եմ պատկերացնում մեր այսօրվա արվեստի, թատերական արվեստի, կինոյի կյանքը առանց Վիգեն Ստեփանյանի»։