Անօդաչու թռչող սարքերի նախագծման ու պատրաստման, տեխնիկական սպասարկման և կառավարման համար երկու տարի անց Հայաստանում հնարավոր կլինի տարեկան պատրաստել 1750 մասնագետ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ղեկավարները՝ ազդարարելով «Արմաթն օդում» ծրագրի մեկնարկի մասին։
Միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը նշեց, որ նման մասնագետների անհրաժեշտությունը հատկապես նկատվեց արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։ ԱԹՍ-ների գծով այդպիսի կրթությունը տարեցտարի պահանջված է դառնում նաև քաղաքացիական կյանքում, քանզի ԱԹՍ-ների ոլորտը ժամանակակից տնտեսության ամենից արագ աճող ճյուղերից է։
«Ուզում ենք ներկայացնել մեր «Արմաթն օդում» ծրագիրը։ Դա անօդաչու թռչող սարքերի պատրաստման ընդհանուր ուսումնական ծրագիր է, որ մեկնարկում ենք այս գարնանը։ Նպատակը այն է, որ ինչպես մենք պատրաստեցինք 14 հազար տարեկան շրջանավարտ «Արմաթ» լաբերում, ունենանք նպանատիպ ներդրում», - ասաց Քասսարջյանը։
2015-2020 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Արցախի տարբեր քաղաքներում ու գյուղերում ԱՏՁՄ հիմնած «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվը 67-ից հասավ 565-ի, ուր 10-18 տարեկան մոտ 14 հազար սաներ ստանում են STEM՝ science, technology, engineering, mathematics կամ գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմաթիկային վերաբերող հատուկ կրթություն ու մասնակցում ռոբոտատեխնիկայի զարգացման դասընթացներին։ Ծրագրվում է 2022-ին լաբորատորիաների թիվը կրկնապատկել՝ հասցնելով 1300-ի և փաստորեն ընդգրկելով Հայաստանի բոլոր բնակավայրերը։
Միության ներկայացրած արդյունքները, ըստ ամենայնի, գոհացնում են կառավարությանը, քանի որ 2021 թվականի պետբյուջեում «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրի ներքո նախատեսված է հատկացնել 767 միլիոն դրամ՝ 95,3 միլիոնով ավելի, քան 2020-ին։
«Արմաթն օդում» ծրագրի համաձայն, նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում և Արցախում այս տարի հիմնել ԱԹՍ կրթական 25 աշխատանոց, իսկ հաջորդ տարի՝ ևս 40-ը, ուր 15-18 տարեկանները ստանալու են անօդաչու թռչող սարքերի աշխատանքի տեսական գիտելիքներ, յուրացնելու են դրանց նախագծման ու պատրաստման, ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման և կառավարման առանձնահատկությունները։ Ընդ որում, ի տարբերություն նմանատիպ այլ նախագծերի, կրթական ծրագրում ընդգրկված են և՛ պտուտակավոր, և՛ թևավոր ԱԹՍ-ները. վերջիններս, սվորաբար, ունեն ռազմական նշանակություն։
«Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի խոսքով, «Արմաթն օդում» ծրագրի իրականացումը կարժենա 422 միլիոն դրամ, միությունն արդեն իսկ հավաքել է 52 միլիոնը․ - «Արդեն իսկ ապրիլ ամսից մենք նախատեսում ենք 8 լաբորատորիաների ներդրումը։ Դրանք կլինեն Գյումրի, Վանաձոր, Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմական ուսումնարանը, Թալին, Գավառ, Երևան, Կապան և Ստեփանակերտ քաղաքները»։
Ըստ Վարդանյանի, յուրաքանչյուր աշխատանոցում պետք է գործի երեք խումբ, կրթական ծրագիրը տևելու է մեկ տարի, և 65 աշխատանոցի պատրաստ լինելուն պես տարեկան շրջանավարտների թիվը կարող է հասնել 1750-ի․ - «Այդ քանակից մի մասը կգնան ժամկետային ծառայության, մոտավորապես 1300-1400 հոգի, այսինքն՝ առնվազն մենք երկու տարվա ընթացքում բանակին կտանք 18 տարեկանը լրացած շուրջ 2500 պատրաստված տղաներ։ Այդ տղաները, ինչպես նաև այն աղջիկներն ու տղաները, որոնք չեն գնա ժամկետային ծառայության, նաև կարող են ընդգրկվել տեխնոլոգիական ձեռնարկությունների ոլորտը»։