Անցած տարվա արցախյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները կրճատել են երկրի անվտանգությունն ապահովող չորս գերատեսչություններից երեքի ֆինանսավորումը։
Անցած տարվա պետական բյուջեի հետ համեմատած՝ այս տարի կրճատվել են Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության բյուջեները, աճել են Պաշտպանության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցները։
Ամենից շատ կրճատվել են Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացված միջոցները՝ 7.2 տոկոսով։ Եթե այս տարվա պետական բյուջեով նախարարությանը հատկացվել է 14.1 միլիարդ դրամ, ապա նախորդ տարվա բյուջեով սահմանված էր 15.2 միլիարդ դրամ։
Հաջորդը Ազգային անվտանգության ծառայությունն է. բյուջեն կրճատվել է 1.1 տոկոսով. այս տարի ծառայությանը հատկացվել է 34.7 միլիարդ դրամ, 2020թ. ԱԱԾ բյուջեն սահմանվել էր 35.1 միլիարդ։
Ուժայիններից ամենաքիչը կրճատվել է Ոստիկանության ֆինանսավորումը՝ 0.9 տոկոսով։ Այս տարվա պետբյուջեով հատկացվել է 64.6 միլիարդ դրամ, անցած տարի 65.2 միլիարդ էր։
Փոխարենը աճել է Պաշտպանության նախարարության բյուջեն՝ 1.4 տոկոսով։ 2021թ. պետբյուջեով Վաղարշակ Հարությունյանի գլխավորած նախարարությունը պետք է ստանա 311.6 միլիարդ դրամ, իսկ անցած տարվա պետբյուջեով Պաշտպանության նախարարության բյուջեն 307.2 միլիարդ էր։ Թեև այստեղ հարկ է նշել, որ 307.2 միլիարդն անցած տարվա պետբյուջեով սահմանված թիվն է, մինչդեռ պայմանավորված անցած տարվա հուլիսին տավուշյան մարտերով և սեպտեմբերին սկսված արցախյան պատերազմով` ռազմական գերատեսչությունը անցած տարի, ամենայն հավանականությամբ, ավելի շատ միջոցներ է ստացել, որը փաստաթղթավորված հայտնի կդառնա այս տարի ավելի ուշ։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հիշեցրեց, որ անցած տարին Հայաստանը փակել է ավելի քան 8 տոկոս տնտեսական անկմամբ, և ուժային կառույցների ֆինանսավորման կրճատումը հարկ է բացատրել նախևառաջ այդ հանգամքնով. երկիրը չի կարող իրեն թույլ տալ կատարել հնարավորությունից դուրս ծախսեր. «Ես կառաջարկեի կառավարությանը բացի զուտ մեխանիկական կրճատմանը, որը կարելի է բացատրել հենց տնտեսական ճգնաժամով, նաև սկսել կառուցվածքային փոփոխություններ, քանի որ կառուցվածքային փոփոխությունները կարող են բերել նրան, որ նախարարությունները նույնիսկ կրճատված փողերով, բյուջեով ավելի էֆեկտիվ աշխատեն»:
Քաղաքագետի խոսքով` էլ ավելի կարևոր հարց է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարության վերանայումը՝ հրաժարվելով բանակի ու ողջ անվտանգության համակարգի հիմքում դրված խորհրդային ու ռուսաստանյան մոդելից, որը պարզապես տապալվեց անցած տարվա պատերազմի ժամանակ. «Ժամանակն ի՞նչ ցույց տվեց. դու կարող ես զենք-զինամթերք գնել, դու կարող ես մեծ ծախսեր անել, բայց այդ զենք-զինամթերքը ոչ մի տեղ պետք չեկավ չէ՞: Հայտնի ՍՈւ-երի պատմությունը չէ՞, ուրեմն հայեցակարգը մշակել, փոխել ակցենտները շատ կարևոր է, և դրա մեջ մտնում է նաև ժամանակակից աշխարհի պատերազմներին պատրաստ լինելը»: