Նախատեսված են նաև նոր այլ բեմադրություններ, որոնց թվում և Օՙ Հենրիի նովելների բեմադրությունը, որը, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի համոզմամբ, կարող է այսօր հանդիսատեսին կտրել մեր իրականությունից և զգացմունքային ու հոգեկան նոր զեղումներ պարգևել:
«Այդ պատմվածքները հասանելի են 7 տարեկանից մինչև 99 տարեկան հանդիսատեսին։ Շատ պարզ են և միաժամանակ մի քիչ հեքիաթի պես են․․․ Ուզում եմ տոն լինի, հոգու տոն լինի բեմի վրա՝ զոհողության, սիրո, նուրբ զգացողությունների․․․ Գիտեք, հիմա այնպիսի մի շրջան է, որ ուզում ենք պոկվել մեր իրականությունից, որովհետև իրականությունը դեռ չենք կարողանում ճիշտ հասկանալ։ Իսկապես, հանդիսատեսը գա, օտարանա իր ներկայից։ Մենք հավաքվել էինք, պիեսներ էինք ընթերցում, որ հասկանանք․․․ Հիմա շատ-շատ ստեղծագործություններ կան, որոնք մինչև պատերազմը հետաքրքրում էր, կարևոր էր թվում, ուզում էինք դրա մասին խոսել, բեմադրել։ Բայց պատերազմից հետո շատ-շատ թեմաներ են արժեզրկվել և շատ թեմաներ կարևոր են դարձել։ Միաժամանակ թեմաներ կան, որոնց մասին մենք զգում ենք, որ հանդիսատեսը պատրաստ չէ խոսել, նույնիսկ մենք չենք ուզում խոսել այդ մասին։ Շատ բարդ իրավիճակ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նարինե Գրիգորյանը։
Շատ բարդ իրավիճակ էր իհարկե նաև անցած տարեվերջին հատկապես Արցախում, և հենց այդ պատճառով էլ Համազգայինը որոշեց այնտեղ հանդես գալ ամանորյ ներկայացումներով․ - «Մեր տարին փաստորեն վերջացրեցինք Արցախում՝ ամանորյա ներկայացումները խաղալով։ Ես բազմիցս եմ խաղացել փառատոներում, պատմել եմ նույնիսկ Արցախի իմ մանկությունը, նույնիսկ քաղաքական տեսանկյունից կարևոր ներկայացումներ, բայց երբեք երևի այդքան ամբողջական, այդքան անհրաժեշտ չեմ զգացել իմ մասնագիտությունը։ Իսկապես այդ պահին մեր ներկայությունը Արցախում, այդ երեխաների կողքին, նույնիսկ մեծերի կողքին, որոնք հասկանում էին, որ եթե դերասանները եկել են, ուրեմն կյանքը շարունակվում է։ Էլ չեմ ասում, որ կային երեխաներ, որ պատերազմից հետո չէին խոսում ու ներկայացումից հետո սկսել է պատմել, թե ինչ է տեսել։ Կար, որ ուղղակի ժպտացել է երեխան, ինքը Շուշիից էր․․․ Ուզում եմ ասել, որ իհարկե, դառը պատմություններ շատ կային, բայց մեր միսիան հենց դա էր, որ փորձենք նորից հիշեցնել հեքիաթի մասին, փորձենք հիշեցնել, որ աշխարհում արվեստ կա, գեղեցիկ բաներ կան, որոնցով կարելի է նորից վերականգնել կյանքը։ Ուզում եմ ասել, որ ոչ միայն մենք էինք իրենց ուրախացրել, այլ ինքն էլ մեզ։ Որովհետև մենք էլ էինք շատ ընկճված։ Արմանը մեզ զգուշացնում էր, որ սկզբից կարող է նույնիսկ լացելով խաղանք, տեսնելով այն, ինչ տեղի ունենում, անցնելով Շուշիի դարպասների կողքով։ Բայց իրականում որ գնացինք, ես շատ ուժեղացա այնտեղ․ այն մտքից, որ Արցախում եմ, նրանից, որ այնտեղ լիքը երեխա կար, որ հինգ հազար երեխա տեսավ ներկայացումը, ուրախացրեցինք իրենց։ Եվ հետո շատ պատմություններ իմացանք, շատ բաներ իմացանք․․․ չգիտեմ, շատ պնդացած եմ եկել ու հասկացել եմ, որ հակառակը․ մենք մեզ հիմա թույլ ենք տվել, թուլացել ենք, իբր մենք շատ թույլ ազգ ենք, ինքնագնահատականի կորուստ է տեղի ունեցել, որը չի կարելի թույլ տալ, որ երկար տևի։ Ապտակ է պետք տալ և ասել՝ հավաքվի՛ր։ Արցախում այդ ուժը տեսա նորից, թե ինչպես մարդիկ նորից ապրում են նորից ասում են՝ բա իհարկե, սա մեր հողն ա, և պինդ կառչած են հողից։ Արցախցին միշտ էդպիսին է եղել, ու միշտ դա ինձ չափազանց հիացրել է։ Եվ դա ինձ լավատեսություն է ներշնչում»։