Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:
«Ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր անհատներին ու կազմակերպություններին կոչ է անում բացառել հանրությանն ապատեղեկատվություն հրամցնելու կամ մոլորության մեջ գցելու վարքագիծը, իսկ մեր հայրենակիցներին հորդորում՝ այս պարագայում ևս տուրք չտալ մտացածին և ստահոդ նմանօրինակ հրապարակումներին ու ապավինել Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը», - ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Վատիկանում նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը երեկ ֆեյսբուքյան տեսանյութում հայտարարել է, թե ԱԺ նախագահը 2005 թվականից հանդիսանում է Թուրքիայի գործակալ և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները: Նրա խոսքով՝ երբ Հայաստանի ԱԱԾ-ն հայտնաբերել է Միրզոյան-Թուրքիա կապը, նրան պարտադրել է «դառնալ «двойной агент»»: Մինասյանը նաև ներքոնշյալ փաստաթուղթն է հրապարակել:
Արարատ Միրզոյանն արձագանքել է հրապարակված տեղեկություններին:
«Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար», - Ֆեյսբուքում գրել է նա։
ԱԱԾ-ն իր հերթին զգուշացնում է, որ այս հրապարակման հիման վրա օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր:
Միքայել Մինասյանը, ով մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ, այնուհետև առաջարկել է «փորձաքննության տանել թուրքի շպիոնի ձեռագիրը»: