Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Համաձայն հաղորդագրության, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արագածոտնի մարզի Ապարան և Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, տեղում է ձյուն։
Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 340 բեռնատար ավտոմեքենա:
Նախարարությունը նշում է, որ Հայաստանի ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: