Դատապարտելի է վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ):
«Առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում», - ասված է տարածած հաղորդագրությունում:
Ըստ ՄԻՊ-ի, անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ:
«Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են: Պետք է առհասարակ բացառել վիրավորանքով միմյանց մասին խոսելը, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի նկատմամբ՝ յուրաքանչյուրս մեր խոսքում պահպանելով այս կանոնները», - նշված է հաղորդագրությունում: