Ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ մինչ օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ընդհանուր թվով 49 հազար 264 փախստական, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ երեկ ավտոբուսներով Ստեփանակերտ են տեղափոխվել ևս 210 արցախցիներ։
Հիշեցնենք, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է միայն խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձողների թիվը։
Խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում։
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը մեկ այլ հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ խաղաղապահների համար Լեռնային Ղարաբաղ է բերվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի 2 հազար չափաբաժին։