Սոնայի ու Վարազդատի նշանադրությանը մատանին հարսնացուի մատին փեսացուի եղբայրը դրեց։ Պատերազմում ԱԹՍ-ի հարվածից երկու թևը կորցրած 27-ամյա Վարազդատն ու 20-ամյա Սոնան երեկ նշանվեցին։
Սոնան ու Վարազդատը մինչև դահլիճ մտնելն «Ազատության» հետ զրույցում անկեղծացան՝ պատերազմն արագացրեց իրենց նշանադրությունը։ Իսկ պատերազմի օրերին, Սոնան գրեթե տեղեկություն չի ունեցել սիրելիից, բայց երբ լուր է ստացել, որ Վարազդատը կորցրել է թևերը, հեռախոսով ասել է այն խոսքերը, որոնք նաև տեսախցիկի առաջ կրկնեց. «Քեզ շատ եմ սիրում, ուժեղ եղիր»։
Ծովագյուղցի եղբայրները՝ Վարազդատն ու Վարդանը ծառայում էին խաղաղապահ զորքերում։ Պատերազմի առաջին օրերից նա՛խ Վարազդատն է մեկնել առաջնագիծ, հետո Վարդանը՝ Կոսովոյում ընդհատելով ծառայությունը, միացել էր եղբորը։ Վարդանը հակառակորդի հրետակոծությունից ոտքի ծանր վիրավորում էր ստացել, նրան դեպի շտապ օգնության մեքենա հասցնելու ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ն արդեն մեքենան է թիրախավորել, հենց այդ հարվածից էլ եղբորն առաջին օգնություն ցույց տվող Վարազդատն է զրկվել թևերից։
Այս մանրամասները Սոնան հետո է իմացել՝ եթերներից, իսկ մինչև այդ գրեթե ամեն օր Արտաշատից Ծովագյուղ է զանգահարել, որ սիրած տղայի ծնողներից լուր իմանա նրա մասին։ Այդ օրերի ապրածն այսօր ժպիտով է հիշում. «Մի քիչ վախ, կարոտ, սեր, բոլորը խառնվել էին իրար, ինչպես նաև վստահություն, ամեն ինչ խառնվել էր իրար ու անընդհատ սպասում էինք զանգի, թե երբ է զանգելու»։
Բժիշկների հսկողության տակ գտնվող Վարազդատ Սանեյանին ու պատերազմից տուժած մյուս վիրավորներին, տարբեր կարգի պրոթեզավորումների համար պետությունը կվճարի մինչև 2,5 մլն դրամ՝ շուրջ 5000 դոլար։ Վարազդատի ընտանիքը հետաքրքրվել է՝ նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված 2 պրոթեզը՝ որոնք նաև մատներն են շարժում, շուրջ 100 հազար դոլար արժե՝ պետության տրամադրած գումարից 20 անգամ ավելի։
Վարազդատն ասաց՝ պետության փոխհատուցումից կօգտվեն, հույս ունի, որ զինվորների պրոթեզավորման համար կազմակերպված մասնավոր դրամահավաքից էլ աջակցություն կստանան ու կփորձեն ամբողջացնել պահանջվող գումարը։ Պրոթեզավորումից բացի այլ ծրագրեր էլ ունի Վարազդատը։ Եթե պրոթեզավորման հարցը լուծվի՝ Վարազդատը պատրաստ է շարունակել ծառայությունը, այս անգամ արդեն իր ֆիզիկական կարողություններին համապատասխան որևէ գործ կանի, չի պատկերացնում իրեն բանակից դուրս։
Վարազդատի ծնողները՝ Լիանա ու Սարիբեկ Սանեյանները, ավագ որդուն ամուսնացնելուց հետո սպասում էին Վարազդատի նշանադրությանը։ Մայրը չկարողացավ մինչև վերջ արտաբերել մաղթանքը՝ կոկորդը սեղմվում էր, աչքերը՝ լցվում, խոսքի կեսից լռեց նաև հայրը՝ Սարիբեկը։
Նշանադրության արարողության անակնկալ հյուրն էր ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, նա նորապսակներին անհատ ստեղծագործողների ձեռքի աշխատանքներ նվիրեց՝ հատուկ նրանց համար պատրաստված։
Վարազդատի հետ առաջնագծում ոտքից ծանր վիրավորում ստացած Վարդանը նույնպես չի կարողանում ծառայության վերադառնալ։ Ոտքն արդեն 6 անգամ վիրահատվել է, ևս մեկն առջևում է։ Մայրը՝ տիկին Լիանան տեսախցիկից դուրս ասաց՝ որպեսզի թրոմբը տղայի կյանքին վտանգ սպառնացող խնդիր չդառնա, բժիշկների նշանակած դեղը պետք ընդունի, մեկ հաբը 1000 դրամից էլ թանկ արժե։ Վիրավոր զինվորը դա պետք է խմի ամեն օր՝ 6 ամսից մինչև 1 տարի, բայց պետպատվերի ցանկում այս դեղը ներառված չէ, ընտանիքն ի վիճակի չէ հոգալ այդ ծախսը։
Թևերից զրկված կրտսեր որդու՝ Վարազդատի նշանադրությունն էլ Սանեյանների հարազատների ու ընկերների աջակցությամբ էր կազմակերպվել, զեղչ էր արել նաև հարսանյաց սրահը։