Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի գործընկեր բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ, ասել է ԱԺ նախագահը


Հայաստանի և Ադրբեջանի գործընկեր բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն գերիների վերադարձի խնդրի լուծման ուղղությամբ, այսօր հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն՝ ընդունելով Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևին։ Վերջինս ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ըստ հաղորդագրության, Արարատ Միրզոյանը դեսպանին է ներկայացրել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կնքումից հետո ստեղծված իրավիճակն ու ընդգծել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին զուգահեռ հայկական կողմի համար այս պահին առաջնահերթ է հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձման հարցը:

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները նոր հայտարարություն ստորագրեցին։ 4 կետից բաղկացած հայտարարության տեքստը վերաբերում է նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտատարության 9-րդ կետի կատարմանը, որով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Մոսկվայում 4 ժամ տևած բանակցություններից հետ, սակայն, Հայաստանի համար առաջնահերթություն համարվող գերիների վերադարձի հարցը չհաջողվեց կարգավորել։

Դեսպանը, կարևորելով խաղաղությունը տարածաշրջանի երկրների միջև, նշել է, որ ղազախական կողմը մշտապես կոչ է արել առկա խնդիրները կարգավորել բանակցային սեղանի շուրջ: Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է զարգացման և նոր կապերի ընդլայնման հնարավորություններ ստեղծել: Թիմուր Ուրազաևը վստահեցրել է, որ Ղազախստանը ջանքեր կգործադրի հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ:

Քննարկելով երկկողմ համագործակցության օրակարգը` կողմերն անդրադարձել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ապրանքաշրջանառության աճի տեմպերին, միջազգային խորհրդարանական հարթակներում փոխշահավետ համագործակցությանը, երկկողմ և բազմակողմ կապերի խթանմանը և այլ հարցերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG