Մատչելիության հղումներ

Արթուր Դավթյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի գլխավոր դատախազի հետ


Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ:

Ըստ հաղորդագրության, կողմերը համագործակցության խորացման պատրաստակամություն են հայտնել։

Հայաստանի գլխավոր դատախազությունը նշում է, որ երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են իրավական փոխօգնության, էքստրադիցիայի ոլորտներում գործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Արթուր Դավթյանը քննարկման ընթացքում նշել է Ադրբեջանի կողմից հարուցված անհիմն քրեական հետապնդումների հիման վրա Հայաստանի նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ տարածքում ապօրինի հետախուզումների հնարավորության բացառման մասին:

Անդրադարձ է կատարվել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության շրջանակներում ծառայողական պարտականություններ կատարող Ռուսաստանի դատախազության աշխատակիցների գործունեությանը, Հայաստանի և Արցախի դատախազությունների, իրավապահ մարմինների հետ նրանց գործակցության կառուցակարգերին:

Հայաստանի գլխավոր դատախազը շեշտել է, որ թեև Արցախի պաշտպանության բանակը շարունակում է արցախահայության անվտանգության ապահովման իր գործառույթները, սակայն ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը էապես մեծացրել է անվտանգության երաշխիքները, հիմքեր ստեղծել շփման գծում կայունության ամրապնդման համար:

Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ-ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են փորձի փոխանակմանն ուղղված համատեղ աշխատանքներ դատախազական հսկողության մի շարք ոլորտներում:

Իգոր Կրասնովի կողմից օրինականության ամրապնդման և միջազգային համագործակցության ոլորտում նշանակալի ավանդ ներդնելու համար Արթուր Դավթյանը պարգևատրվել է Ռուսաստանի գլխավոր դատախազի պատվոգրով:

Նշենք, որ երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG