Լոռու մարզի Ղուրսալի գյուղի գյուղապետարանում են պահ տվել 30 տարի առաջ Սպիտակի շրջանային խորհրդի գործկոմի որոշումները Հայաստանի ու Ադրբեջանի՝ փախստական դարձած բնակիչների միջև 90 տները փոխանակելու մասին։
Գանձապահ Իրինա Մարտիրոսյանը թղթապանակներում խնամքով կարած փաստաթղթերն է ցույց տալիս։ Իր ծնողների անունն էլ կա։ Նա էլ 16 տարեկանում փախստական է դարձել։
Ըստ փաստաթղթերի, գյուղի բոլոր տներն են փոխանակված Ադրբեջանում հայերի ունեցած տների հետ։ Բայց 88-ին պայմանագիր կնքելուց ու գյուղը հայերով բնակեցնելուց ընդամենը մի քանի օր անց ավերիչ երկրաշարժը գետնին է հավասարեցրել նախկին բնակիչների բոլոր տները։ Ադրբեջանցու հին տուն այստեղ չկա։
Եվգենյա Սարկիսյանը Բաքվի կենտրոնում տուն-տեղ կորցնելուց և Լոռի տեղափոխվելուց ընդամենը երեք օր անց կորցրել է իր ամենաթանկը՝ 15 և 16 տարեկան երկու դուստրերին։ Նրանց հետ է եղել նաև ամուսնու եղբոր նույն տարիքի աղջիկը։ Տիկին Եվգենյան ասում է, թե ժամանակն էլ չբուժեց իրենց վերքերը․ - «Մանավանդ այսօր այնպիսի վերքեր հասան մարդկանց։ Մարդիկ չգիտեն՝ որ մի վշտի համար ողբան։ Իմ բոլոր հարազատները Ղարաբաղում էին՝ Շուշիում, Ստեփանակերտում։ Բոլորն այնտեղ տեղափոխվեցին, իսկ մենք Հայաստան եկանք։ Ու բոլորն այսօր անտուն են»։
Երկրաշարժի էպիկենտրոնից ընդամենը 15 կիլոմետր հեռու գտնվող Ղուրսալիում նախկինից այսօր միայն արխիվային փաստաթղթերն ու գյուղի ադրբեջանական անունն է մնացել։ Անունը փոխելու բնակիչների բոլոր փորձերն այդպես էլ արդյունք չեն տվել։ Անգամ 10 տարի առաջ գյուղի մուտքի ցուցանակն են փոխել՝ Ղուրսալին Արջահովիտ դարձրել։ Մինչև այսօր էլ տեղադրված է, բայց նոր անունը պաշտոնապես չեն հաստատել։ Կնիքներն ու փաստաթղթերն էլի ադրբեջանական ծագում ունեցող անունով են։ Ղուրսալին այդպես էլ Արջահովիտ չի դարձել։
Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքից Ղուրսալի գյուղ տեղափոխված Ստելլա Մարտիրոսյանի երեք որդիներից երկուսը չեն հարմարվել գյուղի կյանքին։ Եկել, տեսել ու տեղափոխվել են Ռուսաստան․ - «Մինչև էսօր ես էլ չեմ հարմարվել։ Համ ցուրտ ա մի կողմից, համ էլ գյուղի գործերը դժվար էր, զոռով սովորեցինք․․․ մի կերպ յոլա ենք տանում»։
30 տարի առաջ Ադրբեջանում ունեցածը կորցրած Ստելլա Մարտիրոսյանն այսօր իր հարկի տակ հյուրընկալել է Հադրութում տուն կորցրած քրոջն ու ամուսնուն՝ Նելա և Էդիկ Մինասյաններին։
Էդիկ Մինասյանի զինվորական արտահագուստը դեռ 90-ականների պատերազմից է մնացել։ Ասում է՝ իր հայրական տանն էին, որ արցախյան առաջին պատերազմին գնդակոծությունից ամբողջովին այրվել էր։ Վերակառուցել էին ու մեծ տնտեսություն ստեղծել։ Բայց նոր պատերազմը նրանց նորից անտուն թողեց։
81-ամյա Վարյա Գալստյանը Բաքվից է եկել։ Բաքվի Խուտոր կոչվող հայկական թաղամասում է ապրել։ Ասում է՝ 30 տարվա փայտե խոնավ տնակում անգամ կարի մեքենան չի դիմացել, բայց ինքը քարից է, դիմացել է՝ չնայած մեջքն էլ առաջվա պես ուղիղ չէ, ցավից կքվել է․ - «31 տարի մարդ կկարա՞ վագոնում ապրի․․․»
Հիմա արդեն Ղուրսալիի իր փայտե տնակը հարազատ է դարձել։ Ասում է՝ Ռուսաստան տեղափոխված զավակները կանչում են, թե այնտեղ լավ է, նորմալ ծերություն կանցկացնի։ Բայց երկրորդ անգամ հարազատ տուն թողնել չի համաձայնում։ Ոչ մի դեպքում, ասում է։
Ղուրսալիի մի քանի անգամ հարազատներ ու ապրուստ կորցրած մարդկանց համար անցած տարին ունեցած վիշտը վերապրելու տարի էր։ Ամանորին սիրտ ու հավես չունեին։ Ասում են՝ ոչ մի տան տոնածառի լույսեր չվառվեցին, ոչ ոք տոնական սեղան չբացեց։