Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահը պաշտպանել է հայկական կողմի դիրքորոշումը՝ գերիների փոխանակման հարցում. Ռուբինյան


Ռուսաստանի նախագահը պաշտպանել է հայկական կողմի դիրքորոշումը՝ գերիների փոխանակման հարցում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Հայաստանի վարչապետը այսօր Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո ընդգծել է, որ չի հաջողվել կարգավորել նաև գերիների հարցը։ Կայացած հանդիպման արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները նոր հայտարարություն են ստորագրել:

«Ստորագրված հայտարարությունը, որի մասին արդեն իսկ խոսվել էր դեռ երեկ, մեզ համար ձեռնտու հայտարարություն է, և կոմունիկացիաների ապաբլոկավորումը մեզ համար մի շարք հնարավորություններ կարող է բացել, այդ թվում՝ Հայաստան-Իրան երկաթուղային կապի վերականգնման առումով, Հայաստան-Ռուսաստան երկաթուղային կապի և ոչ միայն կապի վերականգնման առումով», - նշեց Ռուբինյանը ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ գերիների փոխանակման հարցը մոտակա օրերին լուծելու ուղղությամբ հաջողություն գրանցել չի ստացվել, սակայն հայկական կողմը այդ հարցը շատ կոշտ է բարձրացրել:

«Ռուսական կողմը և Ռուսաստանի նախագահը սկզբունքորեն պաշտպանել են հայկական կողմի դիրքորոշումը, և նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետը պիտի իրագործվի, այսինքն՝ լուծումը ֆիքսած է և պետք է տեղի ունենա դրա իրագործումը հնարավորինս արագ», - ընդգծեց պատգամավորը:

Ռուբինյանը նաև շեշտեց՝ հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Արցախի կարգավիճակի հարցը դեռևս հստակեցված չէ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում պետք է այդ հարցը քննարկվի և լուծում ստանա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG