Մատչելիության հղումներ

Գրականության և արվեստի թանգարանն այս տարի հայ մեծերին նվիրված առնվազն 20 ցուցադրություն է նախատեսել


Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյան
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյան

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, ի թիվս գիտական, հրատարակչական և այլ գործառույթների, զբաղվում է նաև կարևորագույն՝ մշակույթի և արվեստի մեր մեծերի արխիվների համալրմամբ, որը հատկապես վերջին տարիներին առավել ակտիվ մի գործընթաց է դարձել:

«Կոնկրետ 2020 թվականին ավելի քան երեք հազար միավոր մենք համալրում ենք ունեցել տարաբնույթ թանգարանային առարկաների, փաստաթղթերի։ Ամենակարևոր հատվածը տարեվերջին Մհեր Մկրտչյանի, արխիվ չասեմ, հավաքածուն, որ գտնվում էր Թամար Հովհաննիսյանի մոտ», - «Ազատության» հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։

Իհարկե , Մհեր Մկրտչյանին առնչվող արխիվային նյութերն ամբողջովին պահպանվում են Գյումրիիում գտնվող նրա հուշատուն-թանգարանում, բայց ահա արդեն մայրաքաղաքում ևս՝ Գրականության և արվեստի թանգարանում, տեղ գտավ նրա արխիվը, որը խնամքով պահել-պահպանել էր և թանգարանին նախորդ տարեվերջին նվիրաբերեց Թամար Հովհաննիսյանը:

«Քանի որ դեկտեմբերին 20-ին նաև Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է, մենք աշխատանքային տարին ամփոփեցինք արխիվի՝ այդ հավաքածուի պաշտոնական ընդունման արարողությամբ։ Փոքրիչ ցուցադրություն կազմակերպեցինք մեր ժամանակավոր ցուցադրությունների սրահում, ընդունեցինք արխիվը։ Այդ ցուցադրությունն էլ, քանի հանրայնացվեց այդ արարողությունը, մարդիկ գալիս են, նայում են, հարցնում են այդ նամակների կամ լուսանկարների, անձնական իրերի պատմությունը», - փոխանցեց Վարդանյանը։

Մհեր Մկրտչյանի արխիվային նյութերի ցուցադրույթյունը կպահպանվի մինչև մարտ ամիսը։ Դրանից հետո, ըստ տնօրենի, Գրականության և արվեստի թանգարանն այս տարի մեր մեծերին նվիրված առնվազն 20 ցուցադրություն է նախատեսել․ - «Այդ նախատեսված միջոցառումները բազմապատկվում են տարվա ընթացքում՝ կապված ընթացիկ իրադարձությունների հետ։ Տեսեք, եկող կիրակի Հայկազ Խաչատրյանին նվիրված միջոցառում ունենք։ Խորհրդային տարիների մեր այլախոհերներից էր, նաև վրձին ուներ, ստեղծագործող մարդ էր, և որոշեցինք նրա մտերիմների հետ, այդ նվիրումը գնահատող անձանց հետ, ընտանիքի հետ նրա կերպարվեստի գործերի ցուցադրություն անել մեր դահլիճում։ Սա մեկ դեպք է, որպես օրինակ եմ ասում։ Այսինքն, ամբողջ տարին այդ միջոցառումների հատվածը ակտիվ ենք պահելու։

Կամո Վարդանյանը սկսված տարում թանգարանի համար շատ կարևոր է համարում եղածը պահպանելը, իրենց գործառույթները հնարավորինս լիարժեք իրականացնելը․ - «Դա շատ կարևոր է, քանի որ, ելնելով նախորդ տարվա իրավիճակից, ընդ որում, կրկնակի այդ փորձությունը, որ բոլոր հիմնարկների, կազմակերպությունների առաջ ծառացավ՝ և՛ համաճարակը, և՛ պատերազմը․․․ այս կիսատ-պռատությունը մեզ մեծ հարված հասցրեց։ Եվ այդ առումով, մենք վերականգնելու դեռ շատ բան ունենք, որպեսզի լիարժեք հունի մեջ ընկնենք և սկսենք աշխատել բոլոր ուղղություններով։ Ես նկատի ունեմ մեր թանգարանի կանոնադրական գործառույթները, որ մեկը չէ կամ տասնմեկը չէ։ Ունենք մի շարք կազմակերպությունների, տուն-թանգարանների հետ արդեն պայմանավորվածություններ համատեղ ցուցադրությունների, միջոցառումների, որովհետև մեր ֆոնդերում պահպանվող միշտ էլ առնչվում են բոլոր մշակութային, գրական իրադարձություններին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG