Մատչելիության հղումներ

ՀԿ-ներին մտահոգում են Մոսկվայում հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի դրույթները


Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

2 տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ կառավարությունից պահանջում են հանրությանն իրազեկել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ համատեղ ստորագրվելիք հնարավոր բոլոր փաստաթղթերի վերաբերյալ ու թափանցիկ դարձնել Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործողությունները։ Հայտարարության առիթը շրջանառվող տեղեկություններն են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 օրից Մոսկվայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահի հետ՝ ստորագրելու փաստաթղթեր, ասում է հայտարարության տակ ստորագրած Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

«Իմ տվյալներով, այո, նախատեսվում են հանդիպումներ, ու նախատեսվում է ինչ-որ բաներ ստորագրել: Հիմա այն, ինչ նախատեսվում է, որ կստորագրվի առանձին Ռուսաստանի հետ ու եռակողմ` Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, այնտեղ կան նոր տարրեր, որոնք մեզ մտահոգում են, օրինակ` կան տարրեր` կապված կապի հետ` Հայաստան-Արցախ: Ադրբեջանը վիճակում է դա, Ադրբեջանը դեմ է, որ Հայաստանից մտնեն Արցախ առանց Ադրբեջանին տեղյակ պահելու», - ասում է նա:

Քաղաքագետը համոզված է՝ եթե ստորագրվի նման փաստաթուղթ, ապա ադրբեջանական կողմը կփորձի ի հավելումն նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության` արդեն նոր տարրեր ամրագրել դրանում. «Իրենք ասել են, որ ում զորքերը որտեղ կանգնեն, այնտեղ էլ պետք է մնան, ուրեմն մեր զինվորն Արցախում օրինական է, բայց հիմա վիճարկում է Ադրբեջանը: Ես հարց եմ տալիս մեր կառավարությանը` այս հնարավոր հանդիպման ժամանակ` հունվարի 11-ին կամ 12-ին, այնտեղ երկու օր է շոշափվում, այս ձևի հարցեր օրակարգում կա՞ն, թե՞ չկան: Թող ասեն, հասկանում եք, կառավարությունը պետք է ոչ թե վախենա հասարակության արձագանքից, հասարակությունից, այլ պետք է աշխատի հասարակության հետ»:

Ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպությունները գործադիրից պահանջում են նաև արդյունավետ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ առարկայական բանակցություններ սկսելու ուղղությամբ:

«Մենք հարց ենք տալիս` հիմա Հայաստանը ջանքեր գործադրո՞ւմ է, որ վերադառնա Արցախի հարցը, իր լուծումը Մինսկի խմբի շրջանակները, թե՞ ոչ: Փախստականների կամ գերիների հարցը մենք պլանավորո՞ւմ ենք տեղափոխել ՄԱԿ-ի մակարդակ, թե՞ ոչ: Դա շատ կարևոր է. Ադրբեջանն ագրեսիա կատարեց, Ադրբեջանն էթնիկ զտում արեց: Այստեղ ապացույցներն այնքան մեծ են, որ հետաքրքիր էլ չի խոսել դրա մասին, ապացույցները կան, կեսը քարուքանդ արված է Ղարաբաղի», - նշում է Ստեփան Գրիգորյանը:

Կառավարությունից դեռ չեն արձագանքում՝ ի վերջո սպասվո՞ւմ է վարչապետի այցը Մոսկվա։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի խոսնակը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր տեղեկությունը։ Տարածվող լուրերի ֆոնին վարչապետը երեկ Ֆեյսբուքում ներկայացրել էր հայկական կողմի առաջնահերթությունները։ Դրանց թվում գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակումն ու տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման օրակարգում հենց այդ հարցերն էլ լինելու են. «Այստեղ նաև Հայաստանի շահերը կան, որով պետք է պաշտպանված լինեն, որովհետև մենք հասկանում ենք, որ և Ադրբեջանը, և Թուրքիան դրսևորում են մի վարք, որը լավագույնս բնորոշվում է մի ասացվածքով, որ «ախորժակը բացվում է ուտելու ժամանակ»: Հիմա լավ կերել են և շարունակում են լավ ախորժակ պահպանել, և այդպես չպետք է լինի, որ իրենց ախորժակը բավարարեն մեր կենսական շահերի հաշվին»:

Քաղաքագետը ոչ միայն կարևորում, այլև անհրաժեշտ է համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպեն՝ հստակություն մտցնելու համար եռակողմ հայտարարության՝ տարբեր մեկնաբանությունների տեղիք տված կետերի շուրջ։

XS
SM
MD
LG