Մատչելիության հղումներ

Հայաստանում հիմնվելու է դրոնաշինության և ռոբոտաշինության ուսումնական կենտրոն 


Startup Armenia Foundation-ի տնօրեն Արսեն Հարությունյանը, 7-ը հունվարի, 2021թ.
Startup Armenia Foundation-ի տնօրեն Արսեն Հարությունյանը, 7-ը հունվարի, 2021թ.

Startup Armenia Foundation-ը մտադիր է հաջորդ ամիս Հայաստանում հիմնել քաղաքացիական դրոնների արտադրությամբ աշխարհում առաջատար՝ չինական DJI ընկերության կրթական ծրագրերով գործող ուսումնական կենտրոն՝ Dron EduLab-ը, որը մասնագետներ կպատրաստի դրոնաշինության և ռոբոտաշինության ոլորտներում, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը։

2016 թվականից գործող և մի քանի նախաձեռնությունների, այդ թվում՝ ամեն տարի ու նաև արտերկրում իրականացվող հայտնի՝ Sevan Startup Summit-ի հեղինակ Startup Armenia Foundation-ը, ըստ Հարությունյանի, սեփական միջոցներով արդեն ձեռք է բերել DJI Steam կրթական ծրագրերի մի մասը, որոնք օգտագործվում են առաջատար տեխնոլոգիական համալսարաններում, օրինակ, աշխարհահռչակ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Սակայն ծրագրերի ամբողջական շարանն իրականացնելու համար լրացուցիչ` 110 հազար դոլար ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։ Այդ նպատակով հիմնադրամը Ֆեյսբուքում ձեռնամուխ է եղել դրամահավաքի անցկացմանը, արդեն իսկ կատարվել է շուրջ 64 հազարի նվիրատվություն։

«Այս պահին բավական թրենդային է Stem կրթությունը, իրենք առաջ են քաշել Steam գաղափարը, որը ավելի պատասխանատու է՝ Stem-ին գումարած կրեատիվություն, որտեղ երիտասարդները, պատանիները հնարավորություն ունեն իրենց կրեատիվությունը տալ այդ ամենին: Այսինքն, օրինակ, դրոնների ու ռոբոտների աշխատանքն իրականացվում է կոդերի արդյունքում, ու դա քո կրեատիվությունից է կախված, թե դու ինչ կոդավորում կտաս ռոբոտներին ու դրոններին որևէ ֆունկցիա կատարելու համար», - ասաց Startup Armenia Foundation-ի տնօրենը:

Հարությունյանի խոսքով, ուսումնական կենտրոնի համար մտադիր են ձեռք բերել հատուկ դրոններ և ռոբոտներ, նրանց կրթական ծրագրերը և ի վերջո հայաֆիկացնել այդ ծրագրերը, որպեսզի ստեղծվող կրթական հնարավորությունը հասանելի դառնա շատերին, այդ թվում՝ հանրակրթական դպրոցների համար։

Հայաստանում դրոնները հայտնվեցին ուշադրության կենտրոնում 2016 թվականի քառօրյա և հատկապես՝ անցած տարվա արցախյան պատերազմի հետևանքով, երբ ռազմական վերլուծաբանների գնահատմամբ՝ վճռորոշ դեր ունեցան պատերազմի ժամանակ։

Աշխարհում դրոնաշինության ոլորտը համարվում է ամենաարագ աճողներից մեկը՝ ծրագրային ապահովման՝ software-ի հետ միասին։ Դրոնների համաշխարհային շուկայի ուսումնասիրությամբ հայտնի Drone Industry Insights ընկերության Global Drone Market Report 2020-2025 զեկույցի համաձայն, առաջիկայում դրոնաշինությունը տարեկան աճելու է միջինը 13,8 տոկոսով, և 2025-ին քաղաքացիական դրոնների գլոբալ շուկան կկազմի 42,8 միլիարդ դոլար։

Drone Industry Insights-ի մեկ այլ՝ Drone Manufacturer Ranking 2020 զեկույցի համաձայն, քաղաքացիական դրոնների արտադրության ոլորտում այսօր աշխարհում գերակայում են չինական ընկերությունները։ 2006 թվականին ստեղծված, 2017-ին 2,8 միլիարդ դոլար եկամուտ ապահոված և շուրջ 14 հազար աշխատակից ունեցող DJI-ը անվիճելի առաջատարն է, որին պատկանում է համաշխարհային շուկայի մինչև 80 տոկոսը։ Երկրորդ հորիզոնականում դարձյալ չինական ընկերություն է՝ Yuneec-ը, եռյակը եզրափակում է ֆրանսիական Parrot Drones ընկերությունը։

«Ընդհանուր տեխնիկական գիտելիքներ է տալու այդ ծրագիրը ու այդ գիտելիքները հնարավոր է օգտագործել բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսության ոլորտում է հնարավոր, ինչո՞ւ չէ, ռազմարդյունաբերության ոլորտում է հնարավոր: Այսինքն միջազգային ճանաչում ունեցող կրթական ծրագրերի մասին է խոսքը, որի հնարավորինս շատ օգտագործումը շատ հետաքրքիր բաների կարող է մեզ բերել», - նշեց Արսեն Հարությունյանը:

Նախորդ ամսվա վերջին Startup Armenia-ի ներկայացուցիչներին ընդունել էր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, քննարկվել էին երկրում ստեղծված իրավիճակի ազդեցությանը տնտեսության վրա, ինչպես նաև հիմնադրամի ծրագրերը:

«Նոր կրթական որակ բերելու հնարավորություն ունենք Հայաստան, որն անծայրածիր հնարավորություններ կարող է բացել մեր պատանիների ու երիտասարդների համար ու մեծ հնարավորություններ կստեղծի տեխնիկական գիտելիքներ ստանալով, տեխնիկական մեծ խնդիրներ դնել մեր առաջ ու իրականացնել», - ընդգծեց Հարությունյանը:

XS
SM
MD
LG