Մատչելիության հղումներ

Չի բացառվում, որ առաջիկա օրերին վարչապետն աշխատանքային այցով մեկնի Մոսկվա


Չի բացառվում, որ առաջիկա օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնի Մոսկվա։ Տեղեկությունը չհերքեց, բայց նաև չհաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։

Վերջինս չմեկնաբանեց նաև Մոսկվայում Ադրբեջան նախագահ Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին շրջանառվող տեղեկությունները։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը քիչ հավանական է համարում Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ հաշվի առնելով Ալիևի որդեգրած հռետորաբանությունը Փաշինյանի նկատմամբ, իսկ Մոսկվա այցի օրակարգում, վստահ է, անվտանգային հարցերն են լինելու։

«Ներկայումս, կարծում եմ, առանցքային խնդիրն անվտանգության հետ կապված հարցերն են, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական սահմանազատմանը, մասնավորապես, Սյունիքում առկա իրավիճակին, որտեղ, մեղմ ասած, անհասկանալի և տարակուսելի վիճակ է։ Այսինքն՝ խոսք է գնում ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների մասին, բացարձակապես պարզ չէ, թե ի՞նչ տրամաբանությամբ են այդ պայմանավորվածությունները կայացվել, ինչպե՞ս են գործում և ընդհանրապես ինչպե՞ս է այնտեղ որոշվում սահմանը։ Մենք տեսնում ենք մի բան, որ հայկական բնակավայրերի հանդեպ անընդհատ կան հավակնություններ և անորոշություն՝ էդ իմաստով պաշտոնական պարզաբանումների տեսանկյունից։ Կարծում եմ, սա անշուշտ առանցքային հարցերից մեկը պետք է լինի, կամ Մոսկվա այցի շրջանակում պետք է լինի օրակարգային», - ասաց Բադալյանը։

Ինչ վերաբերում է Ռուսասատանի հետ էլ ավելի խորացված հարաբերությունների մասին Փաշինյանի ակնարկներին, որը վարչապետը հնչեցրել էր իր ամանորյա ուղերձում, Բադալյանը կարծիք է հայտնում, որ այս հանդիպման ընթացքում նոր փաստաթղթեր դժվար թե ստորագրվեն։

«Հետագայում այն, որ կարող են լինել էդպիսի հեռանկարներ, ամենևին չի բացառվում, և սա պետք է լինի նաև հայաստանյան ներքին օրակարգի առանցքային հարցերից մեկը, որ մեր հասարակությունը պետք է ուղղի բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ նաև ընդդիմությանն՝ այս հարցում Հայաստանի սուվերենության նահանջ թույլ չտալու համար, որովհետև հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ունի գերբարձր ազդեցություն Հայաստանի թե՛ շուրջն անվտանգային միջավայրի, թե՛ ներքին քաղաքական միջավայրի վրա։ Բայց սա նաև ենթադրում է աշխատանք Ռուսաստանի հետ՝ սկսած անվտանգությունից, մինչև տնտեսական հեռանկարներ և այլ։ Բայց այն, որ դա չպետք է լինի Հայաստանի սուվերենությունը մեկ քայլ անգամ նվազեցնելով, կարծում եմ, անկասկած է», - եզրափակեց Բադալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG