Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտպանության նախկին նախարարները կոչ են անում Պենտագոնին՝ ստանձնել իշխանության խաղաղ փոխանցման պարտականնությունները


Մարկ Էսպեր, արխիվ
Մարկ Էսպեր, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին տասը նախարարները Պենտագոնին կոչ են անում` ստանձնել իշխանության խաղաղ փոխանցման պարտականությունները, զերծ մնալ քաղաքական գործընթացներից՝ նախազգուշացնելով, որ զինվորականների ներքաշումն անցումային գործընթացում հղի է վտանգներով։

Պենտագոնի նախկին ղեկարներն, որոնց թվում են նաև նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակված գործիչներ, նման հայտարարությամբ են հանդես եկել The Washington Post-ում հրապարակված նամակում։

Ամերիկյան ռազմական գերատեսչության նախկին ղեկավարների համոզմամբ, ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու ժամանակն այլևս անցել է՝ հորդորելով զինված ուժերին՝ չխառնվել այդ հարցով վեճերին և նպաստել ընտրյալ նախագահ Ջո Բայդենին իշխանությունը փոխանցելու գործընթացին։

Նամակի հեղինակների թվում են Ջեյմս Մաթիսը և Մարկ Էսպերը, որոնք Պենտագոնը ղեկավարել են Թրամփի նախագահության ժամանակ։

«Մեր ընտրությունները կայացել են։ Իրականացվել են վերահաշվարկներ և ստուգումներ։ Համապատասխան բողոքները դատարանները քննել են։ Նահանգապետերը հաստատել են արդյունքները։ Ընտրիչների կոլեգիան քվեարկել է։ Արդյունքները կասկածի տակ դնելու ժամանակն անցել է», - փաստում են նախկին նախարարները՝ շեշտելով, որ ներքաղաքական վեճերին զինվորականների ներքաշումը կտանի դեպի «վտանգավոր, ապօրինի և հակասահմանադրական տարածք»։

Պենտագոնի նախկին ղեկավարների հեղինակած այս նամակը հաջորդում է ընտրյալ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, ըստ որի, Պաշտպանության նախարարությունը խոչընդոտում է իշխանության փոխանցմանն ապագա վարչակազմին։

Պենտագոնը թեև հերքել է այդ մեղադրանքներն, այդուհանդերձ Բայդենը և նրա թիմակիցները պնդում են, որ երդմնակալության արարողությունից մի քանի շաբաթ առաջ ընտրյալ նախագահը չունի ամբողջական պատկեր աշխարհով մեկ ամերիկյան զինված ուժերի, պաշտպանական ծախսերի պլանավորման և այլ հարցերի վերաբերյալ։

Ամերիկյան մամուլը փաստում է, որ երկրի պատմության ընթացքում առաջին անգամ իշխանության փոխանցման գործընթացը, մեղմ ասած, հարթ չի անցնում։ Պատճառը Թրամփի կողմից ընտրություններում պարտությունը ընդունելուց հրաժարվելն է։

Գործող նախագահը համառորեն շարունակում է, առանց ապացույցներ բերելու, պնդել, որ ընտրությունները կեղծվել են։

Դոնալդ Թրամփի և նրա փաստաբանների թիմի՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով տասնյակ հայցերն ամերիկյան դատարանների կողմից մերժվել են՝ փաստերի բացակայության հիմքով։ Սպիտակ տան ղեկավարն, այդուհանդերձ, շարունակում է ընտրութունների արդյունքները վիճարկելու ապարդյուն պայքարը։

Թրամփը հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել իր և Ջորջիա նահանգի քարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերի հեռախոսազրույցի բովանդակության արտահոսքի ֆոնին․ երկու պաշտոնյաների զրույցի ձայնագրությունը նախօրեին հրապարակել է The Washington Post-ը։ Այդ խոսակցության ընթացքում Թրամփը ծայրաստիճան համառ կերպով փորձել է համոզել բարձրաստիճան պաշտոնյային՝ վերադառնալ նահանգում նախագահական ընտրութունների քվեների հաշվարկի հարցին՝ պնդելով, որ քվեարկության հաղթողն ինքն է, այլ ոչ թե դեմոկրատ Ջո Բայդենը։

Ռաֆենսպերգերն ավելի վաղ մի քանի անգամ քվեների վերահաշվարկ է կազմակերպել և ամեն անգամ արդյունքը նույնն է եղել՝ հաղթողը Ջո Բայդենն է։

Ջորջիա նահանգի քարտուղարը նաև բազմիցս հայտարարել է, որ շարունակելու է հակազդել արդյունքները կեղծելու ցանկացած փորձի։ Ռաֆենսպերգերը նաև մի քանի անգամ հրապարակավ հակադարձել է Թրամփի՝ ընտրությունները կեղծելու մասին հայտարարություններին, նույնիսկ այն բանից հետ, երբ Թրամփը նրան «ժողովրդի թշնամի» է անվանել։

Վերջին հեռախոսազրույցի ընթացքում, Ջորջիա նահանգի քարտուղարը կրկին հայտարարել է, որ ընտրությունները կեղծելու մասին պնդումներն անհիմն են, իսկ քվեարկությունն ակնհայտորեն վկայում է Բայդենի հաղթանակի օրինականության մասին։

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն 78-ամյա Բայդենը ստացել է 306ընտրիչի աջակցություն՝ ընդհանուր 538-ից, նրան անհրաժեշտ էր 270 քվե։ Նրա մրցակից, գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է ընդամենը 232 քվե։

Գործող կարգի համաձայն՝ ընտրությունների արդյունքները հունվարի 6-ին պաշտոնապես պետք է վավերացնի Կոնգրեսը։

Կոնգրեսականներն իրավունք ունեն վիճարկելու քվեարկության արդյունքները յուրաքանչյուր նահանգում։ Բազմաթիվ մեկնաբաններ, սակայն, կարծում են, որ գործը դրան դժվար թե հասնի, և եթե նույնիսկ հասնի, ապա Թրամփի կողմնակիցները հազիվ թե հաջողության հասնեն, քանի որ դեմոկրատները պահպանում են մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և ամենայն հավանականությամբ կտապալեն ընտրությունների արդյունքները այս կամ այն նահանգում չեղարկելու ցանկացած փորձ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG