ՆԱՏՕ-ի «Շատ բարձր պատրաստվածության միացյալ օպերատիվ ուժերի» (VJTF) հրամանատարությունը հունվարի 1-ից անցել է Թուրքիային։ Անկարան 4 հազար 200 զինծառայողներից կազմված մոտոհրաձգային բրիգադ է միացնելու նշված ուժերին, իսկ ընդհանուր առմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների զինծառայողներով միասին 2021 թվականին արագ արձագանքման ուժերում ընդգրկված են լինելու 6 հազար 400 զինծառայողներ։
Նման ուժեր ստեղծելու որոշումը ընդունվել է ՆԱՏՕ-ի 2014 թվականի գագաթաժողովում` հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնազավթելուց հետո ստեղծված միջազգային անվտանգության իրավիճակը։ Արագ արձագանքման ուժերի հրամանատարությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստանձնում են ռոտացիոն կարգով՝ մեկ տարի ժամկետով։
Այդ ուժերի առանձնահատկությունը մարտական պատրաստվածության բարձր աստիճանն է, մասնավորապես ցանկացած պահի նրանք պետք է պատրաստ լինեն վերատեղակայվել 72 ժամվա ընթացքում։
«Թուրքիան նշանակալից ներդումներ է կատարել ռազմական այդ միավորման համար, հատկապես նյութատեխնիկական ապահովման և զինամթերքի պլանավորման գործում։ Այդ ուժերին են փոխանցվել թուրքական ռազմական նորագույն տեխնիկա, հակատանկային հրթիռներ, հրանոթներ», - նշված է ՆԱՏՕ-ի հայտարարությունում։