Հունվարի 1-ի առավոտյան Սերբիայում շահագործման է հանձնվել «Թուրքական հոսք» գազատարի մեկ հատված, որով ռուսական գազը հասնում է Եվրոպա։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքերով` գազատարի նոր հատվածը մեծ նշանակություն ունի սերբական տնտեսության և արդյունաբերության առաջընթացի համար։
Դեկտեմբերի վերջին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել «Թուրքական հոսքի» կառուցման մասնակիցների դեմ պատժամիջոցների փաթեթին։ Վաշինգտոնում պնդում են, որ նախագիծը սպառնալիք է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար, և Ռուսաստանի կողմից այն կօգտագործվի որպես քաղաքական ճնշման լծակ։ Ռուսաստանը հակադարձում է՝ հավաստիացնելով, որ Ուկրաինան շրջանցող գազամուղը տնտեսական, այլ ոչ թե քաղաքական նախագիծ է։
«Թուրքական հոսքը» սկիզբ է առնում Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի ափերից, ապա, անցնելով Սև ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալիս Քըյըքյոյ բնակավայրի մոտ: Հատելով Թուրքիայի ողջ եվրոպական հատվածը՝ այն դուրս է գալիս Հունաստանին սահմանակից Իպսալա քաղաքի մոտ` ռուսական գազը տանելով հարավարևմտյան Եվրոպա: