Մատչելիության հղումներ

Դառն օրերի մի փոքր քաղցր կողմը. 1 տոննա շոկոլադ արցախցի երեխաներին


Արդեն 6 տարի շարունակ բարի մարդկանց աջակցության շնորհիվ նոր տարին քաղցր են սկսում հարյուրավոր ընտանիքներ. կյանքի դառը օրերը գոնե մի քանի վայրկյան անուշ կդառնան շոկոլադով։ Այս տարի ամենաշատ սերը Արցախին, շոկոլադները խնամքով անհատական պարկերի մեջ լցնելով ասում էր Հայ օգնության ֆոնդի «Այո» թիմի անդամ Հելենա Մելքոնյանը. «Դուք չեք պատկերացնի, այս ընթացքում, որ մենք անում ենք այս «Շոկոլադի բանկը», այնքան շատ երեխեք են գալիս իրենց ծնողների հետ, որ ասում են` մամայիս ասել եմ, կասաս կոտրել եմ, մեջից փողերով կակա ենք առել մյուս բալիկների համար, ես էլ եմ ուզում մի բանով օգնեմ»:

Տարին շատ բարդ էր` կորոնավիրուսը, պատերազմը, բայց Հելենան հուզված պատմում էր՝ այս վշտի մեջ անգամ մարդիկ մի կտոր իրենցից պոկեցին հանուն մեկ ուրիշի բալիկի ուրախության. «Շոկոլադի բանկ»-ն այս տարի հավաքեց գրեթե 1 տոննա շոկոլադ. «Այս տարի գիտենք` ինչ պայմաններ են, պլաններ չկային դեռևս դեկտեմբերի սկզբին, որ կանեինք, բայց հետո հասկացանք, որ չէ, պետք է անել, պետք է երեխաներին ուրախացնել, վերջին հաշվով երեխաները ոչ մի բանում մեղավոր չեն: Ու ես կարծում եմ, որ կարևոր բաներից մեկը, որ մենք հիմա պարտավոր ենք անել, այն է, որ փորձենք ցրել երեխաներին պարտվողական այդ տրամադրություններից և նրանց ընկճախտը մի քիչ ցրենք: Մի քիչ կուրախացնենք երեխեքին, ինձ թվում է»:

Ցուցակներն արդեն կան, կարմիր պարկերը կհասնեն Երևանում և հարակից շրջաններում ապաստարան գտած արցախցի երեխաներին, մի մեծ պարկ էլ՝ Սյունիք՝ Ներքին Խնձորեսկ գյուղ. «Մենք մեր հայրենակիցներին մենակ չենք թողնում դժվարին ժամանակներում, թեկուզ հենց ֆիզիկապես իրենց հետ ենք և չենք վախենում կրակոցներից էլ, մեր ոչ բարով-խերով հարևաններից էլ»:

Լոռի, Գյումրի, Տավուշ. մի ամբողջ շոկոլադե գլոբուս է կառուցվել այս 6 տարիների ընթացքում։ Ամեն ինչ սկսվեց սահմանամերձ Բերդ քաղաքից. «Այնտեղ ծրագիր էինք իրականացնում, ու շրջայցի ժամանակ մտա մի տուն, այնտեղ տանը երեխեք կային, 5-ն էին երեխեքը, իրենց հարցրի` ի՞նչ կուզեք Նոր տարվա նվեր, ու իրենք ինձ ասացին, որ կոնֆետ են ուզում, բայց իրենք ոտաբոբիկ էին: Ու ինձ վրա շատ ուժեղ ազդեց այդ փաստը, ու մտածեցինք` գուցե ճիշտ կլինի, որ ինչ էլ անենք ծրագիր, բնականաբար սա մեր հիմնական ծրագրերից չի, սա հավելում է, մենք հիմնականում անում ենք զարգացման ծրագրեր, բայց սա որպես բոնուս թողեցինք երեխաներին, որովհետև երեխաներին մի փոքր ուրախացնելը Նոր տարուց առաջ շատ սիրուն նշան է: Իմիջիայլոց, հետաքրքիր է, որովհետև այն տարիներին այնտեղ էինք, քանի որ պատերազմ չէր, բայց հակառակորդն անընդհատ հրահրում էր, կրակոցներ էին Տավուշի մարզի Բերդ տարածաշրջանում, Այգեպար գյուղում, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես»:

Այս քաղցր տոնը նախաձեռնողները տարբեր առիթներով պատմել են՝ ծրագիրը փոքր է, արդյունքը՝ մեծ։ «Այո» հարթակը «Շոկոլադի բանկ»-ին զուգահեռ այլ նախագիծ էլ է նախաձեռնում՝ «Արցախը մենք ենք» խորագրով. նպատակն աջակցել տեղահանված արցախցիներին, ապահովել անհրաժեշտ իրերով ու սնունդով:

ՀՕՖ-ում մարդիկ են, որ սեփական անձնական դժբախտությունը թողած օգնության ձեռք են մեկնում ուրիշին: Նրանից մեկն էլ Հելենան է. «Ճիշտն ասած` ինձ համար շատ դժվար տարի էր, երեխաս մահացավ` նորածին` մեկ ամսական էր: Ես ընդհանրապես չէի պատկերացնում, որ կարող է տարին էսպես հետագիծ էլ ունենա, բայց պետք է ուժեղ լինել, ու ես գիտեմ, որ ամենամութ գիշերներից հետո շատ պայծառ լուսաբացեր են լինում, և դժվար իրավիճակներում պետք է հասկանալ, որ պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը ու դնել մի ինչ-որ լավ բանի մեջ: Ինչքան նեգատիվի վրա քեզ կենտրոնացնես, այնքան նեգատիվ կլինես: Հիմա ինձ համար ինչքան որ իմ երեխան էր կարևոր, նույնքան կարևոր էլ իմ երկիրն է, ու ինձ համար կրկնակի վատ սթրես է այս ամեն ինչը, բայց ես ներքին զգացողություն ունեմ, որ լավ է լինելու: Չգիտեմ, երևի ինչ-որ մի տեղ մեր նախկինները վատ կառմա են թողել, որ պետք է մաքրենք: Մենք էլ մաքրում ենք, բայց պիտի որ լավ լինի, պիտի մեր մեջ ուժ գտնենք»:

Պատերազմի օրերին ամուսնու հետ ուտելիք էր պատրաստում, հասցնում կամավորներին, ցանց գործում զինվորների համար, ձեռքը մեկնում՝ որտեղ հասներ: Դրական էներգիան բումերանգ է։ Վատը թողենք նախորդ տարում. «Հիմա մենք մեր այս նեգատիվ վատ մտքերով ազդում ենք մեր փոքրիկ երեխաների վրա, այն բոլոր փոքր մարդկանց վրա, որոնք մեզ հետ ապրում են, ու իրենք մեծանում են: Մենք պարտավոր ենք այնպես անել, որ իրենք ուժեղ մեծանան, ուժեղ մեծանան, որ ոչ թե այ ոնց որ մեր դպրոցում սովորեցնում են` գնա, մեռի հայրենիքի համար, այլ ապրեն, ծաղկեն, բարգավաճեն, խելացի լինեն, իրենց անձնվիրությամբ իրենց գիտելիքն ու իրենց սերը տան հայրենիքին, բայց ոչ իրենց կյանքը, թող իրենք լինեն, թող առողջ լինեն ու լիքը-լիքը լավ բաներով ծաղկեցնեն մեր երկիրն, այ դա եմ ես ուզում»:

XS
SM
MD
LG