Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի համոզմամբ` մատուտակի արմատը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այդ մասին Թուրքմենստանի առաջնորդը խոսել է կառավարության նիստի ընթացքում։
«Մատուտակի արմատը վաղուց է բժշկության և ժոողովրդական բժշկության մեջ կիրառվում ներքին հիվանդությունների բուժման համար»,- նշել է Բերդիմուհամեդովը` հանձնարարելով երկրի Գիտությունների ակադեմիային «մանրակրկիտ ուսումնասիրել» մատուտակի այլ օգտակար կողմերը ևս, փոխանցում է «Ազատության» թուրքմենական ծառայությունը։
Թուրքմենստանը շարունակում է կտրականապես հերքել երկրում կորոնավիրուսի դեպքերի առկայությունը, թեև, ինչպես նշում է «Ազատության» թուրքմենական ծառայությունը, բնակչության շրջանում բարձր են կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներն ու մահացության աննախադեպ բարձր թվերը։ Ամիսներ շարունակ երկրում գործում են կոշտ սահմանափակումներ։
Չնայած կորոնավիրուսի դեպքերի հերքմանը` Թուրքմենստանը պլանավորում է գնել ռուսաստանյան պատվաստանյութը։ Ավելի վաղ Մոսկվան անվճար Աշխաբադին է տրամադրել նաեւ 50 հազար թեսթանմուշ։ Բացի այդ, Թուրքմենստանը Ռուսաստանից 8 միլիոն դոլարի բժշկական պարագաներ է գնել։