Մատչելիության հղումներ

Հայաստան է վերադարձել ևս 4 հայ գերի


Եվս 4 հայ գերի այսօր վերադարձել է Հայաստան՝ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։ Տեղեկությունը փոխանցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկական ու բարոյահոգեբանական աջակցություն: Գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է»,- գրել է Ավինյանը։

Այսպիսով վերադարձված գերիների թիվը հասավ 54-ի, թեև հայկական կողմում կան տվյալներ, որ գերեվարվածների թիվը մոտ չորս անգամ ավելի է։

Այսօր երկու ադրբեջանցի գերի էլ վերադարձվել է Բաքու։ Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը։ Ավելի վաղ Հայաստանից Բաքու էր տեղափոխվել 12 անձ, այդ թվում՝ 2014-ին դիվերսիայի և մարդասպանության համար Արցախում դատապարտված Դիլհամ Ասկերովն և Շահբազ Գուլիևը։

Գերիներից բացի մեկ մարդու մարմին է տեղափոխվել Հայաստան, տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Ռաֆայել Վարդանյանը, պաշտոնյան սակայն, ասաց՝ դեռ հայտնի չէ մահացածը խաղաղ բնակիչ է, թե զինվորական։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ փաստաբան Սիրանուշ Սահակյանն ասում է՝ Հայաստան վերադարձած 4 անձանցից երկուսը խաղաղ բնակիչ է, երկուսը՝ զինծառայող, նրանք գերեվարվել էին պատերազմի ընթացքում։ Արդեն պատերազմից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերից ավելի քան 60 զինվորականներ գերեվարվեցին։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կողմից նախապատրաստվել էր զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը և անհրաժեշտ ապացույցների հետ միասին ներկայացվել ստրասբուրգյան դատարան, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին դիմում ներկայացրել էին փաստաբաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը։

Ադրբեջանի կառավարությունը մինչև դեկտեմբերի 28-ը ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և բժշկական փաստաթղթեր պետք է տրամադրի, ինչպես նաև տեղեկություն հայտնի վերջիններիս փոխանակման ժամկետների վերաբերյալ: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ առայժմ որևէ լուր չունեն։

«Տեղեկատվության տրամադրման վերջնաժամկետը դեռ չի լրացել, ուստի պետք է սպասենք, մինչև 28-ը դեկտեմբերի լրանա և նաև դատարանի փաստաթղթաշրջանառությունը որոշակի ժամանակ կպահանջի նախքան այդ տեղեկատվությունը տրամադրվի դիմումատուներին», - ասաց իրավապաշտպանը։

Խծաբերդ-Հին Թաղերի հատվածում նաև Էջմիածնի պահեստազորայիններն էին ծառայություն իրականացնում։ Նրանցից 9 հոգի զոհվել է, փաստաբան Սիրանուշ Սահակյանի տվյալով՝ երկու զինծառայող էլ գերեվարված է։

Բացի այս դեպքերից, փաստաբանը նշում է, որ կան գերեվարման այլ դեպքեր, դրանց մի մասը Ադրբեջանը հաստատել է, սակայն Սահակյանի խոսքով՝ կան նաև չհաստատված անհերքելի դեպքեր։

«Մենք մեր կողմից վարվող գործերով առնվազն ունենք ևս չորս հաստատումներ, որոնք դեռևս վերադարձված չեն, բայց ունենք շուրջ 40 գերեվարված անձինք, որոնց առնչությամբ թեև պաշտոնական հաստատումներ չենք ստացել, բայց գերեվարումը կասկածից դուրս է։ Այսինքն ունենք անհերքելի ապացույցներ, որ նշված անձինք գերիի կարգավիճակով հայտնվել են ողջ ադրբեջանական իշխանությունների հսկողության ներքո, բայց Ադրբեջանի իշխանությունները չեն հաստատում դեռևս։ Միջազգային գործընկերների աչքերում այս դեպքերը ևս կասկածից վեր են, իրենց ընկալումներում սրանք հաստատված գերեվարման դեպքեր են, բայց անհարկի կերպով այս ամբողջ պրոցեսը չարաշահվում է, և ես կարծում եմ, որ պայմանավորվածությունների ընթացքում ձեռքբերվածը որևէ կերպ չի պահպանվում։ Իսկ թե հայկական կողմն ինչ լծակներ է պահպանել իր ձեռքում, որպեսզի թույլ չտա նման չարաշահում, երևի դրա պատասխանը ստանաք այլ վայրերում», - ընդգծեց Սահակյանը։

XS
SM
MD
LG