2018 թվականից Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի նախաձեռնությամբ մի ուշագրավ համագործակցություն սկսվեց կինոկենտրոնի և բրիտանական Fixafilm ընկերության միջև՝ թվայնացնելու, վերականգնելու հայկական լավագույն ֆիլմերը, որոնցից առաջինն այդ շարքում Փարաջանովի հանրահայտ «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմն էր կամ էսթետիկ վավերագրությունը՝ նվիրված18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած հայ անվանի նկարիչ Հակոբ Հովնաթանյանի ստեղծագործությանը:
Այս տարի էլ Փարաջանովի այս ֆիլմի թվայնացված և վերականգնված տարբերակը տպագրվեց 35 մմ ժապավենի վրա՝ Հայ բարեգործական ընդհանուր միության Նյու Յորքի կենտրոնի ֆինանսավորմամբ՝ կենտրոնի Մշակույթի բաժնի տնօրեն Հայկ Արսենյանի և Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի համագործակցության արդյունքում:
Բացի այս ֆիլմից ժապավենի վրա տպագրվել են Փարաջանովի ևս երկու ֆիլմերը՝ «Կիևյան որմնանկարներ» և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» ֆիլմերը, որոնց պատճեններն այսուհետ կպահպանվեն Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում:
Ի դեպ, Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը թանգարանում պահվող առաջին հայկական ֆիլմն է:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասաց. «Մեզ համար շատ ուրախալի լուր էր, իհարկե, տարեվերջին այն փաստը, որ «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, որը վերականգնվեց, թվայնացվեց և հասավ իր վերջնական կարևորագույն փուլին, որ արդեն վերականգնած տարբերակը կարողացանք ունենալ նոր ժապավենի վրա տպագրված: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ արդեն տպագրված, վերականգնված ժապավենները MoMA-ի (Museum of Modern Art,) թանգարանը՝ Ժամանակակից արվեստի թանգարանը, իրենք կվերցնեն իրենց մոտ պահելու, դա շատ մեծ նվաճում է մեզ համար»: