Ռուսաստանը և Թուրքիան առաջիկա օրերին կրկին քննարկելու են Ղարաբաղի հարցը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուչօղլուն դեկտեմբերի 29-ին Մեկնելու է Սոչի, որտեղ հանդիպելու է ռուսաստանցի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվելու են երկկողմ հարաբերություններ, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Չավուշօղլուի այցի մասին, որը կատարվելու է Լավրովի հրավերով, գրում են Daily sabah-ը, Hurriet Daily news-ը: Նշվում է, որ Սոչիի հանդիպման ուշադրության կենտրոնում է լինելու Ղարաբաղը:
Լավրովը և Չավուշօղլուն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնության կատարման ընթացքը, շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերը նվազեցնելու և կողմերին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա, ուշադրության կենտրոնում է լինելու ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր մարտական գործողությունների մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը, գրում է թուրքական մամուլը` վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի ճեպազրույցը:
Ավելի վաղ ռուս-թուրքական կենտրոնի մասին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել էր, որ թուրքական պատվիրակությունն արդեն գտնվում է Ադրբեջանում, և շուտով, երբ ավարտվի կենտրոնի կառուցումը, ռուս գործընկերների հետ կսկսեն կատարել իրենց պարտականությունը: Թուրքիայի խորհրդարանը թույլատրություն էր տվել մեկ տարի ժամկետով զինվորականներ ուղարկել Ադրբեջան:
Ռուսաստանի խաղաղապահների համար Պետդումայի հատուկ թույլտվություն պետք չէր, և նրանք շտապ տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երեկ հանդիպել էր Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ և այդ հանդիպմանը հայտարարել է, թե ռուս խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Ղարաբաղի ողջ տարածքում, նրանց գործողությունները կանխել են հումանիտար աղետը:
«Ռուսական նոր տարածքներ», գրում է National review-ն` նշելով, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանը պահապան է դարձել ռազմավարական կարևոր տարածաշրջանում, իսկ Միացյալ Նահանգներն անգործության է մատնված: «Նոյեմբերին Ռուսաստանն ուրիշ երկրի տարածքից կտոր ստացավ, և դա կատարվեց ոչ թե սահմանը հատող անհայտ զորքերի կամ հիբրիդային պատերազմի, այլ բանակցությունների միջոցով և առանց որևէ հարցի Միացյալ Նահանգների կամ աշխարհի այլ երկրների կողմից: Սեպտեմբերին բռնկված ղարաբաղյան պատերազմում խաղաղության համաձայնագիր կնքվեց, որի հաղթողը Ռուսաստանն է: Քանի դեռ Ամերիկան պատրաստ չէ ամբողջովին ներգրավվելու խաղաղ գործընթացում, Լեռնային Ղարաբաղն անորոշ ժամանակով իրականում պատկանում է Ռուսաստանին», - գրում է National review-ի մեկնաբանը, ում պատկերացմամբ` Ռուսաստանի ազդեցության գոտին հիմա շատ ավելի լայն է:
«ՌԴ-ն պահապանի դեր է ստանձնել էներգակիրների փոխանցման Եվրոպայի համար կարևոր տարածաշրջանում: Ինչպես նաև ռազմական վերահսկողություն է նախատեսված Հայաստանով Նախիջևան անցնող միջանցքի վրա, և Ռուսաստանի վերահսկողության տակ կլինի նաև երկար սպասված ցամաքային ճանապարհը Կասպից ծովից Ադրբեջանով դեպի Միջերկրական` դեպի Եվրոպա: Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ակտիվացնի իր դիվանագիտական և տնտեսական ջանքերը և կրկին ներգրավվի գործընթացում, հակառակ դեպքում ռուսական կայսրությունը կշարունակի անզուսպ ընդլայնվել», - շարունակում է հոդվածագիրը:
Վաշինգտոնում գործող «Ժառանգություն» հիմնադրամի արտաքին քաղաքականության կենտրոնի տնօրեն Լյուկ Քոֆֆին ասել է, թե Ադրբեջանը չպետք է սպասի մինչև 2025 թվականը ռուսական խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղից հանելու ուղիներ գտնելու համար: Թուրքական պետական TRT հեռուստաընկերության փոխանցմամբ` Լյուկ Քոֆֆին ասել է, թե Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի ներկայությունից հետո Ռուսաստանը Հարավային Կովկասում կամ հրավերի, կամ օկուպացիայի ձևով զորքեր ունեցավ բոլոր երեք հանրապետություններում։ Բաքուն ուրիշ ընտրություն չուներ, քան հաշտվել ռուսների ներկայության հետ, եթե ցանկանում էր դադարեցնել կրակն ու վերականգնել իր միջազզային սահմանները, բայց «պետք չէ սխալվել, դա միայն ուժեղացրել է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջամնում»: Նա գրում է, թե Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր ազդեցության բնական գոտի, և Մոսկվայի պատկերացումներով այդ հողի վրա քայլող յուրաքանչյուր զինվոր ուժեղացնում է Ռուսաստանի ազդեցությունը: Ըստ ՀԸ` Քոֆֆին պնդել է, որ Ադրբեջանը պետք է ամեն ինչ անի, որ առաջին 5 տարվա ժամկետը լրանալուց հետո ռուսական զորքերը փոխարինվեն քաղաքացիական անզեն մոնիթորինգային առաքելությամբ: Եվրոպական այդ առաքելությունը կարող է տեղակայվել ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին` ստեղծելով բուֆերային գոտի։ Լյոկ Քոֆին նշել է, որ Ղարաբաղից ռուսական զորքը հեշտ չի լինի հանել, կարող է անհնարին թվալ, բայց Ադրբեջանը պետք է փորձի և այդ ռազմավարությունը պետք է հիմա մշակի, այլապես 2025 թվականին արդեն ուշ կինի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի խաղաղապահները Ղարաբաղում հիմա տեղակայվել են 5 տարով` հետագայում ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ։