Մատչելիության հղումներ

«Հայացք դեպի ապագա»․ ռուսաստանցի վերլուծաբանը՝ ղարաբաղյան խնդրի հնարավոր զարգացումների մասին


Ընդդիմությունը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Երևան, 22 դեկտեմբերի, 2020թ.
Ընդդիմությունը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Երևան, 22 դեկտեմբերի, 2020թ.

Ռուսաստանցի վերլուծաբանը ղարաբաղյան խնդիրը դիտում է սոսկ Ռուսաստանի ազգային շահերի տեսանկյունից:

Лента.ру ռուսական կայքի փորձագետ Դմիտրի Պլոտնիկովը հրապարակել է վերլուծություն, որի վերնագիրն է «Հայացք դեպի ապագա»:

Ի՞նչ զարգացումներ են հնարավոր ղարաբաղյան խնդրում․ հեղինակը վերլուծում է խնդիրը սոսկ Ռուսաստանի շահի տեսանկյունից:

Նրա համոզմամբ, Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջամտությունն, անկասկած, բարենպաստ է ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար: Ընդ որում, ըստ Պլոտնիկովի, դա բնավ չի նշանակում, թե Մոսկվան ցանկացավ տարածաշրջանում փոխել դաշնակցին և Հայաստանի փոխարեն նախընտրել Ադրբեջանը:

Մոսկվան ամենասկզբից ընդգծված չեզոքություն է դրսևորել և ղեկավարվել է բացառապես միջազգային իրավունքի նորմերով:

«ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի անբաժան մաս, և նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ինչի մասին հենց նախագահ Վլադիմիր Պուտինն է նշել», - գրում է Պլոտնիկովը:

Ռազմական գործողությունները չեն տեղափոխվել Հայաստանի տարածք, հետևաբար, ըստ Պլոտնիկովի, Ռուսաստանը չուներ Հայաստանին ՀԱՊԿ համաձայնությունների շրջանակներում ռազմական օգնություն տրամադրելու օրինական հնարավորություն:

Պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի տարածքի հիմնական մասն, այնուամենայնիվ, մնացել է հայկական կողմի հսկողության տակ, իսկ ռուսաստանցիների հսկողությանն է փոխանցվել Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի մի հատվածը:

Պլոտնիկովի փոխանցմամբ, Բաքվում պատերազմից առաջ էլ են գիտակցել Մոսկվայի հետ մերձենալու անհրաժեշտությունը: Հիմա այդ կապերը կդառնան էլ ավելի ջերմ, բայց Հայաստանի մասին այդպես չես ասի:

«Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք՝ հատկապես վերջին երկու տարիների ընթացքում, Հայաստանը Ռուսաստանի հանդեպ առանձապես բարեկամական վերաբերմունք չի դրսևորել: Եվ չնայած դրան, Ռուսաստանը եկել է փրկելու Հայաստանը, բայցև չի ցանկացել հանուն Հայաստանի՝ զոհաբերել լավ կապերն Ադրբեջանի հետ»,- գրում է Պլոտնիկովը:

Ըստ հեղինակի, Լեռնային Ղարաբաղի շուրջ հետագա զարգացումներն անքակտելիորեն կապված կլինեն Ռուսաստանի դիրքորոշման հետ: Բայց իրավիճակի վրա մեծ ազդեցություն կգործի նաև Հայաստանի ներքաղաքական կացությունը:

Հայաստանում շատերը ոչ ոմբողջությամբ են ընդունում փաստացի կապիտուլյացիայի համաձայնությունը ստորագրելու անհրաժեշտությունը: Եթե Հայաստանում իշխանությունը փոխվի, նոր էսկալացիան անխուսափելի կդառնա: Հենց այդ պատճառով Բաքուն հիմա ամեն ինչ կանի կոնֆլիկտի կարգավորման ռուսական տարբերակի հանդեպ հավատարմությունն ընդգծելու համար:

Վերլուծաբանի համոզմամբ, Ռուսաստանն այս իրավիճակում «պետք է անի առավելագույնը՝Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG