Մատչելիության հղումներ

«Oտար չենք, բայց հյուր ենք». Արցախից Ստեփանավան տեղափոխված ընտանիքը փայտե տնակում է ապրում


Ղարաբաղի պատերազմը տակնուվրա է արել 15-ամյա Քրիստինեի հույզերը։ Նոր կյանք մտնող աղջնակի մտքում մի կողմից սերն է, մյուս կողմից ատելությունն ու թշնամանքը։ Ասում է՝ ադրբեջանցիներին անցած Հադրութի շրջանի Կամրակուճ գյուղից չհասցրեցին հանել անգամ մանկության տարիների լուսանկարները։ Այսօր փորձում է ամեն կերպ վանել կուտակված վրեժի զգացումը։ Վստահ է՝ վրեժով ապրել չի լինի։

«Ես չեմ սիրում թշնամացած լինել կամ լցվել ատելությամբ, բայց այս պատերազմն ինձնից խլեց իմ հոպարին ու էդ իմ համար ցավոտ է», - ասաց նա:

Քրիստինեն իր ծնողների, երեք քույրերի ու երկու եղբայրների հետ Ստեփանավանում մի փայտե անբարեկարգ տնակում է ապրում։ Երկու սենյակներում են տեղավորվել։ Տան փոքրիկներն իրենց հետ միայն ամենասիրելի խաղալիքներն են կարողացել բերել։ 6-ամյա Էրիկան Ստեփանավանի դպրոցում է այբուբենը սովորում։

Կամրակուճում բազմազավակ ընտանիքը շուտով նորակառույց տուն էր ունենալու։ Երկու տարի էր տևել շինարարությունն ու մինչև Ամանոր բնակարանամուտ էին տոնելու։ Բարեգործական կազմակերպությունների շնորհիվ ավելի բարեկարգ պայմաններում էին ապրելու։ Բայց պատերազմը խառնեց ապագայի բոլոր պլանները, ասում է մայրը՝ Իրինան։

«Ես շատ եմ շնորհակալ Ստեփանավան քաղաքի ժողովրդից, ամեն ինչից, ընդունել են նորմալ, սնունդը, հագուստը տվել են, բան չունեմ ասելու, բայց մեկ ա, որ գիտես՝ քո տունը չէ, չգիտեմ՝ ինչքան ստեղ կմնանք մենք, կարող ա վաղը գա տա տերն ու ասի՝ դուրս արի, վեց երեխայի ես վերցնեմ ո՞ւր գնամ: Արդեն ոչ մի բան չենք պլանավորում, քանի որ էնքան ենք պլանավորել, հետագայում չեն իրականացնել մեր երազանքները, դրա համար ոչ մի բան էլ չեմ ուզում ասել», - ասաց Իրինան:

Բազմազավակ ընտանիքը պատերազմի սկզբում մի քանի օր անտառում է պատսպարվել։ Հոր՝ Աղաջանի լուրերը ռազմաճակատից սկզբում հուսադրող են եղել, թե մի քանի օր համբերեք, կգամ, կտանեմ, բայց ավելի ուշ հասկացել են, որ անտառում էլ վտանգավոր է, շրջանն արդեն հակառակորդի ձեռքն էր անցնում։ Պատերազմի օրերին վառելիք չէիր գտնի. լցակայանները չէին գործում։ Ստիպված են եղել ավտոմեքենաները թողնել տան բակում ու հեռանալ գյուղից՝ 6 երեխաների հետ։

15-ամյա Քրիստինեն Հայաստանում դեռ իրեն չի գտնում։ Ասում է՝ օտար չէ, բայց հյուր է։ Հայաստանում դեռ ոչինչ չի ուզում նախաձեռնել։ Սրտի խորքերում հույս ունի, թե շուտով հետ է դառնալու. «Եղբորս գերեզմանն ենք թողել, երկու պապիկիս գերզմանը ու հիմա տեսահոլովակներում այդ ամեն ինչը ավիրում են, մեր տեսարժան վայրերը, էն հուշահամալիրները, որ մենք մայիսի 9-ին միշտ զինվորական հագնված գնում էինք, մեր տուրքն էինք մատուցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG