86 տարեկան հասակում վախճանվել է ամերիկահայ գրող, գրաքննադատ Գևորգ Քրիստինյանը։
Ավելի քան 30 տարի Գևորգ Քրիստինյանն ապրել ու ստեղծագործել է Կալիֆորնիայում, եղել է Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահը։
Մինչև Միացյալ Նահանգներ մեկնելը նա եղել է «Հայպետհրատ»-ի խմբագիր, աշխատել է նաև «Հայֆիլմ»-ում որպես գլխավոր խմբագիր։ Ստեղծել է քառասուն վավերագրական շարժապատկերների գրական նյութ։
Քրիստինյանը հրատարակել է բանաստեղծությունների, պատմվածքների, գրականագիտական հոդվածների երկու տասնյակից ավելի ժողովածու։ Հայ մեծերից Հովհաննես Շիրազը նրան գրական ասպարեզում «նոր հայտնություն» է համարել ։
Համահայկական գրողների միությունը 2018-ին գրողի ստեղծագործությունները հայրենիքում ճանաչելի դարձնելու նախաձեռնությամբ հանդես եկավ։ Նրա ստեղծագործությունների ընթերումների շարքը մեկնարկեց նրա ծննդավայր Շիրակի մարզի Արևիկ գյուղից և շարունակվեց Հայաստանով մեկ: