Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Արշակի Շիրինյանը, հայտնում է Քննչական կոմիտեն:
Ֆեյսբուքում Սայաթ Շիրինյանի կողմից առերևույթ բռնության կոչեր պարունակող «Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի» գրառում կատարելու դեպքի առթիվ դեկտեմբերի 22-ին Քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Արդեն այսօր, ինչպես հաղորդում է ՔԿ-ն, այդ հոդվածի` բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու կասկածանքով Սայաթ Շիրինյանը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով: