Ապագայի վերաբերյալ խոսակցությունն այսօրվա ամենակարևոր հարցերից է, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ հանրային-քաղաքական դիսկուրսն օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն:
«Նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից, որովհետև ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակներ, որոնց միջև երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել», - գրել է վարչապետը:
Փաշինյանը չի հստակեցրել, թե ի՞նչ խոսակցություն է պատրաստվում ծավալել և ո՞ւմ հետ։
Ընդդիմադիր 16 քաղաքական ուժեր պահանջում են վարչապետի հրաժարականը։ Նրանք երեկ մինչև 18:00-ն ժամանակ էին տվել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին գնալ և շարժման ղեկավարների հետ քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տարբերակները: «Իմ քայլից» որևէ արձագանք չեղավ: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց՝ դա իրենց ավելի վճռական է դարձնում, ավելի ամուր է դարձնում։