Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը զգուշացնում է՝ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա համարժեք արձագանքի


Ոստիկանական ուժերն Ազգային ժողովի շենքի մոտ, արխիվ
Ոստիկանական ուժերն Ազգային ժողովի շենքի մոտ, արխիվ

Դեկտեմբերի 22-ին 17 քաղաքական կուսակցությունների կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարություն է արվել, որում նշված գործողությունների իրականացումը առերևույթ կարող է պարունակել Քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, երեկ ուշ երեկոյան նման հայտարարությամբ է հանդես եկել Ոստիկանությունը։

Ըստ հաղորդագրության, հանրահավաքի ընթացքում մասնավորապես նշվել է, որ «մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից: Ուրեմն, դա մեզ ավելի վճռական է դարձնում, դա մեզ ավելի ամուր է դարձնում: Ուրեմն մենք այս պահից սկսած աշխատանք ունենք անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ: Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորների անունները հերթով և շարքով, և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում և որոշումներում, որպեսզի եթե հանրային պահանջը իրենք չեն հասկանում, չեն գիտակցում, ուրեմն, այո, ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից, իրենց պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն մենք միասին պետք է հասկացնենք»:

Քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասը երեքից տասը տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ է նախատեսում Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն պարտադրելու համար, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն, հայտարարում է Ոստիկանությունը:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ, եթե վերը նշված գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ:

Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելուց կամ այդպիսի հայտարարությունների մեջ նշված գործողություններ իրագործելուց և նախազգուշացրել, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա Ոստիկանության համարժեք արձագանքին:

«Հայրենիքի փրկության շարժումը», հիշեցնենք, երեկ մինչև 18:00-ն ժամանակ էր տվել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին գնալ և շարժման ղեկավարների հետ քննարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տարբերակները: «Իմ քայլից» որևէ արձագանք չեղավ: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց՝ դա իրենց ավելի վճռական է դարձնում, ավելի ամուր է դարձնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG