Մատչելիության հղումներ

Վանաձորում Ամանորին տոնական և սգո միջոցառումներ չեն կազմակերպվի


Վանաձորում Ամանորին տոնական հանրային միջոցառումներ չեն անցկացվի, քաղաքն ամանորյա արդուզարդ չի հագնի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը և ավելացրել, որ «քաղաքապետարանը նաև սգո միջոցառումներ չի նախաձեռնի»։

«Քաղաքապետարանը նաև սգո միջոցառումներ չի նախաձեռնի։ Ովքեր որ կցանկանան, կարող են իրենց վիշտը լուռ սգալ։ Նաև անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք մեր հերոսների նահատակությունը սգո միջոցառումների վերածում։ Իմ կարծիքով, սուգը գիտակցված մահվանը չպիտի առնչվեր, հերոսների համար չեն սգում։ Դրա փոխարեն մեր Սուրբ Նահատակների համար պիտի լիներ Ոգեկոչման, Հերոսացման կամ գոնե Նահատակաց հիշատակի օր», - նշել է Ասլանյանը։

Վանաձորի համայնքապետն այս գրառումն արել էր հենց այն օրը, երբ Հայաստանում հայտարարված էր եռօրյա սուգ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհվածների։ Այդ օրը Երևանում տեղի ունեցավ հիշատակի երթ դեպի Եռաբլուր։ Վանաձորում որևէ հիշատակի արարողություն չեղավ։ Միայն պետական կառույցների վրա տեղադրված եռագույն դրոշներին ամրացվել էին սև ժապավեններ։ Իր ֆեյսբուքյան էջում արած գրառման մեջ Մամիկոն Ասլանյանը նաև ավելացրել էր, թե Վանաձորում ավելի ուշ կկազմակերպվի սգո երթ՝ «առանց պաթոսի ու ձևականության»։

«Այ, երբ մեր նոր հիմնած Պանթեոնի շինարարությունը կավարտենք, մեր ախպերների գերեզմանները կսարքենք, այն ժամանակ միասնական, առանց պաթոսի ու ձևականության և առանց կաշկանդվելու կբարձրանանք տղերքի մոտ ու կհամարենք, որ հիշեցինք, ոգեկոչեցինք իրենց։ Կներեք մեզ, եղբայրներ, դեռ մենք արժանի չենք ձեզ», - գրել է համայնքապետը։

Վանաձորի համայնքապետի ֆեյսբուքյան գրառմանը որոշ լոռեցիներ արձագանքել էին՝ եզրակացնելով, թե Մամիկոն Ասլանյանն այս հայտարարությամբ ակնարկել է ընդդիմադիր 17 կուսակցություններին միանալու մասին։ Ասլանյանն այսօր մեր զանգերին չարձագանքեց։ Ըստ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Վահե Կռոյանի, սգո երթը Երևանում քաղաքականացվեց։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց՝ Վանաձորի համայնքապետի սգո արարողություններին վերաբերող գրառման մեջ ևս քաղաքական ենթատեքստ կա, առանց մանրամասնելու, թե որն է այդ ենթատեքստը։

«Միգուցե քաղաքապետը չի ցանկացել սգո միջոցառումներ կազմակերպել ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով, բայց պետք չէր այս ամեն ինչը դարձնել քաղաքական շահարկումների առարկա», - ասաց Վահե Կռոյանը:

Ինչ վերաբերում է քաղաքապետի հայտարարությանը, թե Վանաձորում Ամանորին տոնական զարդարանք չի լինի, Կռոյանը նշում է, որ այս հարցը համայնքի ավագանու հետ չի քննարկվել, և որ համայնքապետարանի որոշումն է։ Միաժամանակ ասաց, որ ցանկալի կլիներ թեթև տոնական տեսք հաղորդել քաղաքին առանց այն էլ տխուր տրամադրությունները ցրելու նպատակով։

«Ճիշտ է՝ շատ ցավ է, մենք չենք կարող մոռանալ այս ամեն ինչը ու չենք կարող չանդրադառնալ այս ամեն ինչին, բայց մի փոքր կարելի էր երեխաներին, թեկուզ Արցախից ժամանած երեխաներին ինչ-որ մի ձև այս ամենից շեղելու համար ինչ-որ թեթև տոնածառ զարդարել կամ նմանատիպ ինչ-որ միջոցառում կազմակերպել: Ես դրան էի հակված, բայց քաղաքապետի որոշումը համենայնդեպս ավագանիների հետ չի քննարկվել», - նշեց ԼՀԿ անդամը:

Երևանի քաղաքապետարանն ու Գյումրիի համայնքապետարանը ևս հայտարարել են, որ այս տարի տոնածառ չեն զարդարի, քաղաքը տոնական տեսք չի ունենա։ Նշենք, որ Մամիկոն Ասլանյանը Հանրապետական կուսակցության Վանաձորի շրջանային խորհրդի նախագահն է, բայց հեղափոխությունից հետո, անցած 2,5 տարում մշտապես հայտարարում էր, որ կուսակցական գործունեությամբ չի զբաղվում։ Անգամ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին այդպես էլ որևէ կերպ չաջակցեց իրեն ընդդիմություն հռչակած Հանրապետականին, որի անվերապահ աջակցության 2016-ին դարձել էր համայնքապետ։ Փոխարենն ակտիվ մասնակցում էր Հանրապետականի քաղաքական հակառակորդ Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքներին։ 2018 թվականի դեկտեմբերին «Ազատությանն» ասել էր. «Ես երկար ժամանակ է բացի համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելուց այլ ոչ մի գործունեությամբ չեմ զբաղվում»:

Հայաստանում պատերազմից հետո ձևավորված հակաիշխանական շարժմանը Մամիկոն Ասլանյանը այլ հայտարարությամբ չի արձագանքել։ Հարևան Սպիտակի քաղաքապետը տասն օր առաջ հայտարարել էր, թե միանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ «Ազատության» հետ զրույցում նրան համարել էր դավաճան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG