Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի համոզմամբ՝ անգամ ամենածանր իրավիճակում արվեստը, մշակույթը կարող են սպեղանի դառնալ մարդկանց համար՝ հատկապես երեխաների, որոնց համար թատրոնը դեկտեմբերի 13-ից մինչև հունվարի 13-ը հատուկ ծրագիր է իրականացնում:
«Հիմա Նոր տարվա ներկայացումներ ենք խաղում արդեն, դե պարզ է՝ սգո օրերին չխաղացինք: Ցանկություն կա և՛ ծնողների մոտ, և՛ երեխաների մոտ գալու: Թատրոնը նաև հատուկ ծրագիր է անում՝ զոհված զինվորների, հաշմանդամ զինվորների երեխաների համար ներկայացումներ, նվերներ: Ամենակարևորը, որ մարդիկ ուզում են գալ: Երեխաները պիտի մանկություն ունենան», - ասաց տիկնիկային թատրոնի տնօրենը:
Ռուբեն Բաբայանի խոսքով՝ թատրոնն օրական 3-4 մանկական բեմադրություն է ներկայացնում՝ իհարկե, համավարակային այս իրավիճակում պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Պատրաստում են նաև հաջորդ տարվա խաղացանկը, բայց ամենակարևորը ամանորյա այս ժամանակահատվածում փորձում են երեխաներին, ինչպես նաև նրանց ծնողներին փոքր-ինչ ուրախություն պարգևել և հոգեբանական դրական ներգործություն ունենալ մանկական ներկայացումներով:
«Սա մեր այսօրվա հիմնական խնդիրն է: Ես կարծում եմ, որ մշակույթը պիտի անպայման ապրի, որովհետև միայն մշակույթն է ձևավորում արժեքային համակարգ և եթե չկա մշակույթ, այդ արժեքային համակարգի կենտրոնում ոչ թե մարդն է հայտնվում, այլ ուրիշ բաներ: Մենք երևի թե լավագույնս տեսնում ենք դրա մեծ վնասները: Զարմանալիորեն շատ են ցանկացողները՝ գան ներկայացում նայեն», - նշեց Բաբայանը:
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենը օրինակ է բերում. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Գերմաիայում առաջին քայլը, որ արեց Գերմանիայի կառավարությունը, բացեց երկրում 300 մանկական տիկնիկային թատրոն՝ ստրեսային վիճակից դուրս բերելու, ինչու չէ, նաև ծնողներին»:
Թատրոնը, ըստ Ռուբեն Բաբայանի, հիմա լուծում է ոչ միայն գեղարվեստական, այլ նաև հոգեբանական խնդիրներ. «Բոլորս կարիք ունենք վերականգնել մեր հոգեբանական հավասարակշռությունը»: