Մատչելիության հղումներ

«Պապային ասում էր՝ «Ռոզիս լավ կնայես, թե չէ որ իրան բան լինի, ես ինձ չեմ ների»


Պատերազմին մասնակցելու համար Ռուսաստանից հայրենիք վերադարձած Հայկ Եգանյանին «Ազատություն»-ը «Զվարթնոց» օդանավակայանում հանդիպել էր հոկտեմբերի 3-ին։ Դրանից 20 օր անց Հայկի ընտանիքն արդեն առաջնագիծ մեկնած որդուց տեղեկություն չուներ։

«Իրա ընտանիքն էլ չի իմացել, որ ինքը էնտեղից դուրս ա եկել, ինքը վեշերով, բուշլատ, բան առած, որ միանգամից գնա։ Էդ վախտ թռիչքներ էլ չկար, թե էդ մի սամալյոտը որտեղից էր, էդ ժամանակ, չգիտեմ, թե նա որտեղից ա, ինչքան ա հետաքրքրվել, որ ինքը գտել ա, որ էդ օրը թռիչք ա լինելու։ Էնտեղ էլ իրա ընկերները, բան, ոչ մեկը չեն իմացել, հենա, որ ինքը․․․ Վերջի օրը աղջկաս ամուսինն ա իմացել, ինչ արել են, ասել ա՝ «չէ, մեկ ա, ես գնալու եմ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Հայկի մայրը՝ Ռոզա Եգանյանը։ - «Իրան ասում էի՝ «մամադ մեռնի քեզ, բալես, քեզ չեն ասում՝ մի գնա», մենք միշտ էրկուսս էլ տենց ենք ասել իրան, «երբ որ պավեստկա կտան, կգնաս, բայց հլա առայժմ մնա, էլի, մնա»։ «Հա, մամ ջան, հա, հա, ցավդ տանեմ», բայց ինքը իրա գործերը անում էր։ Գնում էր, ասենք, վայենկոմատ, ասում էր՝ «ինձ տարեք»։

Միայն 38 օր անց 38-ամյա Հայկի դին գտնվեց։

«Ման էինք գալիս ողջերի մեջ սկզբից, վիրավորների մեջ, հետո ողջերի մեջ, հետո որ արդեն հույսներս կտրեցինք, սկսեցինք ման գալ արդեն մահացածների մեջ, էլի բայց դժվարությամբ գտանք», - ասաց Հայկի հայրը՝ Համլետ Եգանյանը։

«Իմ բալիկը հերոս ա, ես գիտեմ, որ հերոս բալիկ ունեմ։ Շատ բարի, շատ լավ էրեխա ա եղել, իմ բալեն ուրիշ ձևի բալիկ ա էղել։ Նկարագրելու չի, խոսքեր չեմ գտնում ես իրա մասին ասելու։ Իրա հետ եթե զրուցում ես, առաջի բառը «ջանն» ա», - ասաց տիկին Ռոզան։

«Շորերը, որ վայեննի բերել էր, դե էդ վախտ չէին տալիս, առանց շորերի գնաց, ասեց՝ «էդ շորերը բերեք տվեք», տարա տվեցի, ասում ա՝ «լավ ա լինելու, պապ ջան, մի մտածի», ասեց՝ «բայց մի 7-8 հոգի հրաժարվել են արդեն», ասի՝ «դու էլ հրաժարվի, էլի, մի գնա», ասի, «պապ ջան, ասում ա, մի մտածի, լրիվ լավ կլինի, դու մենակ Ռոզիս նայի»։ Տարան ուչեբկա, ուչեբկայից էլ իրան տարան էդ անտեր Կուբաթլու», - պատմեց Համլետ Եգենյանը՝ հավելելով․ - «Ինձ ասեց մի 7 հոգի են հրաժարվել, քուրս ասում ա ոչ թե 7, ավտոբուսի կեսը հրաժարվել ա, էնտեղ արդեն հրանոթի կրակ-մրակ տեսել էին, վախեցել էին։ Էդտեղ էր ասում, էլի՝ «էս ի՞նչ ա կատարվում, էս ի՞նչ են անում մեր հայերը»։

«Էս ի՞նչ են անում, ասում ա, մեր հայերը, Աստված ջան», - շարունակեց կինը։ - «Պապային ասում էր՝ «Ռոզիս լավ կնայես, թե չէ որ իրան բան լինի, ես ինձ չեմ ների», հիմա ասում եմ՝ բա ես ինձ ոնց եմ ինձ ներում, բալես, որ քեզ բան էղավ...»։

Երկու անչափահաս երեխայի հայրը՝ Հայկը մանկուց սիրել է երգել։ Ծնողները հիշում են, թե ինչպես էր ընտանիքին, ընկերներին ուրախացնում։ Հիմա արդեն միայն հիշողություններն են մնացել՝ տեսանյութերի, նկարների տեսքով։ Մայրը դարակից խնամքով հանում է պահած լուսանկարները։ Հուզմունքը խեղդելով նայում որդուն, թոռներին։

Այսօր նաև Մասիսի հենց այն տան բակում, որտեղ ծնվել է Հայկը, խաչքարի օրհնության կարգ կատարվեց։

XS
SM
MD
LG