ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում ընդգրկված Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը Կիևում բանակցություններ է վարել Ուկրաինայի ռազմական ոլորտի պաշտոնյաների հետ։ «Անադոլու» գործակալությունն այսօր հաղորդել է, որ Ուկրաինան պլանավորում է շարունակել թուրքական անօդաչու թռչող սարքերի գնումները, ինչպես նաև մտադիր է ռազմանավեր ձեռք բերել` Սև ծովում ամրապնդելու իր անվտանգությունը։
Կիև է մեկնել թուրքական ևս մեկ բարձաստիճան պատվիրակություն՝ արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորությամբ։ Նրանք Ուկրաինայի իրենց պաշտոնակից գործընկերների հետ «2+2» ձևաչափով բանակցություններ են վարում։
Թուրքական պատվիրակությանն այսօր ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նրանք հանդիպել են նաև վարչապետի հետ։ Նախագահ Զելենսկին Թուրքիային շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Այդ մասին Զելենսկին գրել է Թվիթերի իր էջում` նաև հայտնելով, որ պատրաստվում են թուրք-ուկրաինական ռազմավարական խորհրդի բարձր մակարդակով նիստին, որը նախատեսվում է անցկացնել 2021-ի սկզբին։ Նա ասել է, թե ուրախ կլինի հերթական հանդիպումն ունենալ Ռեջեփ Էրդողանի հետ։
Այսօր ավելի վաղ Մևլյութ Չավուշօղլուն և Հուլուսի Աքարը հանդիպել են Ղրիմի թաթարների ներկայացուցիչների հետ։
Ուկրաինայի պաշպանության նախարար Անդրեյ Տարանը թուրք լրագրողների հետ զրույցում ասել է, որ թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերն ամենաժամանակակից ու էֆեկտիվ սպառազինություններից են։ «Դրանում ոչ մեկին համոզելու հարկ չկա, դա ապացուցվել է Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների ընթացում»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։