Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է, որ ավարտել է հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 6-րդ փակ զեկույցը:
Ըստ Թաթոյանի, այն 6-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Զեկույցը վերաբերում է 2020 թվականի միայն դեկտեմբերի 2-ից 16-ն ընկած ժամանակահատվածին:
Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը, նշում է Պաշտպանը՝ հավելելով՝ այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը, նրա համոզմամբ, նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:
«Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին», - հայտնել է Պաշտպանը՝ շարունակելով․ - «Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը»:
Զեկույցն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ, եզրափակել է Թաթոյանը: