Երեկ առցանց ձևաչափով ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 15-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կողմից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը:
Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեին որոշման համար: Նա մասնավորապես նշել է, որ այս հայտը ցանկում գրանցելը հնարավոր դարձավ Իրանի հետ սերտ համագործակցության շնորհիվ: Դեսպանն ընդգծել է, որ նախաձեռնությունը վկայությունն է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև՝ հանդուրժողականության և մշակութային բազմազանության խրախուսման արժեքներին երկու երկրների հավատարմության, ասված է Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում։
Ս. Թադեոս առաքյալի (Թադեի) վանքի ուխտագնացությունը Իրանում հայկական դարավոր մշակութային ներկայության և շարունակականության, մշակութային, կրոնական ինքնատիպությունը պահպանելու ջանքերի յուրօրինակ դրսևորումն է: Հատկանշական է, որ Ս. Թադեոս առաքյալի վանական համալիրը, Սուրբ Ստեփանոս նախավկայի և Ծործորի հայկական վանական համալիրների հետ մեկտեղ, դեռևս 2008-ին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ներկայացված հայտի հիման վրա՝ «Իրանի հայկական վանական համալիրներ» անվամբ:
«Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006թ. և այդ ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել են «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ․) և «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2018թ.) տարրերը», - ասված է Արտգործնախարարության տեղեկանքում։