Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, նախարարը Սյունիքում է մեկնել՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։
Այսօր կառավարության նիստի ժամանակ նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ սահմանապահ զորքերը Սյունիքում Հայաստանի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի սահմաններն ամուր և վերահսկելի են։ «Այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են Հայաստանի սահմանի երկայնքով։ Խուսափելու համար տարբեր մեկնաբանություններից և ապատեղեկատվությունից՝ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմաններն ամուր և մեր զինված ուժերի կողմից վերահսկելի են», - ասաց նախարարը։