«Միջազգային կազմակերպությունների և ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ իրականացված բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումն իրականացնել բոլորին՝ բոլորի դիմաց սկզբունքով, և գործընթացն արդեն սկսվել է»,- ըստ «Ինտերֆաքսի», հայտարարել է ադրբեջանական պետական գերատեսչությունը։
Պաշտոնական Երևանն առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդել գերիների վերադարձի մասին։ Այսօր ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե կողմերը մոտեցել են գերիների փոխանակման, նրանց գործընթացի մեկնարկին:
«Այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինեն», - այսօր ժողովրդին հղած ուղերձում ասել է վարչապետը:
Հստակ ժամկետ, այնուամենայնիվ, չի նշվում։ Վարչապետն ասաց, որ մինչև տարեվերջ ամբողջովին չեն կարող ավարտել զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքը և չճանաչված մարմինների նույնականացման գործընթացը։
«Այսօր 61-րդ օրն ա, ինչ մեզ ոչ մի պատասխան չեն տալիս», - «Ազատությանն» ասաց շաբաթներ շարունակ պատկան մարմինների դռները թակող ծնողներից մեկը։
Արդեն երկու ամիս իրենց զավակներից լուր չունեցող ծնողներն ասում են, որ մինչև օրս որևէ հստակ պատասխան չի տրվում իրենց, թե երբ կվերադարձնեն գերեվարվածներին, երբ կկատարվեն որոնողական աշխատանքներ, երբ են պատրաստվում հետ բերել ողջ մնացած տղաներին։
«Ես համոզված եմ, որ իմ տղան ողջ ա։ Հաստատ համոզված եմ։ Կամ գերի ա, կամ էն տղերքի մեջ ա, որոնք ողջ են․․․ Բայց ոչ մեկ մեզ պատասխան չի տալիս։ Ես մի անգամ ասեցի՝ պարոն Փաշինյան, եթե Ձեր երեխան լիներ էնտեղ, Դուք սենց հանգիստ կնստեի՞ք ու էդ աթոռից կկառչեիք․․․ Ինձ պետք ա իմ էրեխեն, ասե՛ք, ո՞վ ա մտնելու իմ էրեխին ընտեղից հանի, ինձ տա։ Էդ էրեխեքը հո ասեղ չէի՞ն, տարան էնտեղ կորցրին, պատասխան չունե՞ն տալու», - վրդովված ասաց մեկ այլ մայր։
«Էրկու «Ուրալով» մտնում են Գորիս դիեր են տանում, իսկ հայը իրավունք չունի էթա հինգ հատ դիակ հանի», - պատմեց մի տղամարդ։
«Էս ղեկավարության համար մեր էրեխեքը կոպեկի արժեք ունե՞ն թե չէ»։
Արմինե Ներսիսյանը 10 առաջ համացանցի տեսանյութերից մեկում ճանաչել է իր որդուն, սակայն, իր խոսքով, առայժմ պաշտոնապես հաստատված չէ, որ որդին գերեվարված է․ - «Էս իշխանությունը մեզ ոչ մի նորմալ, դրական պատասխան չի տալիս։ Մեզ քշում են ստեղ, ստեղից՝ ընդեղ։ Ինչո՞վ ա զբաղվում էս ղեկավարությունը, ի՞նչ ա մտածում։ Ի՞նչ ա մտածում էս ժողովրդի մասին, էս երկրի մասին։ Ի՞նչ ա մտածում դիերի մասին, գերիների մասին, անհայտ կորածների մասին։ Ո՞վ մեզ պատասխան կտա, ինչո՞վ են զբաղված։ Ի՞նչ խղճով են նրանք քնում, ի՞նչ խղճով են ապրում․․․»
Մարիամ Գրիգորյանը եղբորից լուր չուներ շուրջ երկու ամիս։ Միայն երկու օր առաջ համացանցում տարածված տեսանյութում է տեսել նրան։ Վերջին անգամ եղբոր՝ Ալբերտ Գրիգորյանի հետ խոսել է հոկտեմբերի 15-ին․ - «Շատ կամաց էր խոսում, մի ձևի վախեցած, ասեց՝ իմ հետ ամեն ինչ լավ ա, մեզ տեղափոխում են ավելի ապահով տեղ, չվհատվեք ես կզանգեմ, բայց շատ ուշ-ուշ»։
Հավելեց, որ հայրը տեսանյութը տեսնելուն պես մեկնել է Արցախ՝ այնտեղից որևէ լուր ստանալու․ - «Հիմա միջոցներ ենք ձեռնարկում, որ շուտ հետ գա։ Մենք ամեն օր անհամբեր սպասում ենք»։
Թե քանի՞ հայ գերի է պահվում Ադրբեջանում, վերջնական թիվ մինչև օրս հայտնի չէ։ Վերջին տվյալներով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 123 հայ գերիների վերաբերյալ դիմումներ կան։