Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարում է՝ ինքը բազմիցս է զգուշացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ, եթե չկան բանակցություններ արցախյան հակամարտության հարցով, դրա այլընտրանքը լինելու է պատերազմը։
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Վանեցյանը մանրամասնեց՝ տեղեկություններ էին ստանում, որ Թուրքիան էլ է ակտիվ ներգրավվելու հնարավոր սկսվող պատերազում, իսկ Փաշինյանն, ըստ ԱԱԾ նախկին տնօրենի, հարցին լուծում տալու փոխարեն, պոպուլիզմով էր զբաղվում։
«Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնում էր Հայաստանի վարչապետի պաշտոնը, նա պետք է քաջ գիտակցեր, որ Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ չլուծված խնդիրներից մեկը դա արցախյան հակամարտության հարցն է։ Այդ հարցի լուծումը պետք է տրվեր։ Ընթացքում ես անձամբ շատ անգամներ նրան ասել եմ՝ «եթե չկան բանակցություններ, եթե չկա կոնկրետ աշխատանք արցախյան հակամարտության հարցի վերաբերյալ, դրա այլընտրանքը լինելու է պատերազմը, և մենք պատրաստ չենք այսօր պատերազմել Ադրբեջանի և Թուրքիայի հետ», որովհետև մենք տեղեկություններ էինք ստանում, որ Թուրքիան էլ է ակտիվ ներգրավվելու հնարավոր սկսվող պատերազմի մեջ։ Դա ոչ միայն իրեն, այլև Ազգային անվտանգության խորհրդի նիստերին եմ նաև ասել։ Ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը՝ ներքին լսարանի համար, նա խոսում էր տարբեր բաներ՝ պոպուլիստական հայտարարություններ էր անում, ամենակարևոր հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «ես բանակցությունները սկսում եմ իմ կետից՝ զրոյական կետից», «Ես որևէ զիջման չեմ գնալու» և այդպես շարունակ», - հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրենը։
Վանեցյանը Փաշինյանին մեղադրում է նաև պատերազմը ժամանակին չկանգնեցնելու համար։
«Ունեցանք պատերազմ և չկարողացանք այս պատերազմում հաղթել։ Հետո Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «ես ո՞նց կարող էի առանց մարտերի, առանց կռվելու հանձնել մեր հողերը, ինձ կմեղադրեին դավաճանության մեջ»։ Շատ պարզ լուծում կար՝ երբ որ հասկացավ, որ սկսել է պատերազմ և ինքը չի կարողանալու հաղթել և չի ուզում առանց մարտերի հանձնի հողերը, նա պետք է քաջություն գտներ իր մեջ, ի սկզբանե հայտարարեր իր հրաժարականի մասին, լիներ քաղաքական փոփոխություն, ինչը կստիպեր միջազգային մեր գործընկերներին կանգնեցնել այս պատերազմը։ Նա չարեց», - ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Վանեցյանը հավաստիացրեց՝ ինքը երբեք չի եղել ուղղակի սև-սպիտակի բաժանման կողմնակից, այլ կողմնակից է եղել երկրում օրենքի գերակայությանը։
«Հավատացեք, որ ես երբեք չեմ եղել ուղղակի սև-սպիտակի բաժանման կողմնակից՝ նախկինի-նորի։ Ես կողմնակիցն եմ նրա, որ պետք է մեր երկրում գերակայի օրենքը, եթե խախտվում է օրենքն, անկախ նրանից մարդը նախկին իշխանությունների ներկայացուցիչ է, թե նոր իշխանությունների ներկայացուցիչ է, պետք է պատասխան տա օրենքի ամենայն խստությամբ։ Իմ գործունեության ընթացքում Դուք կնկատեիք, որ ես ոչ թե բացառապես պայքարել եմ այսպես կոչված նախկինների դեմ, ես պայքարել եմ առհասարակ հանցագործությունների դեմ, հանցագործների դեմ, և Ազգային անվտանգության ծառայությունն իմ ծառայության տնօրեն եղած ժամանակահատվածում իրականացրել է ամենաաղմկահարույց բացահայտումները և ունեցել ենք ձերբակալված անձինք, թե՛ նախկին իշխանություններից, թե՛ գործող իշխանություններից», - ասաց Վանեցյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորև